ԿարևորՔաղաքական

Բաքվին զենքի մատակարարումները ԱԻՄ նախագահին անհանգստացնում է, ՍԻՄ նախագահին՝ ոչ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր  հայտարարել է, որ Հայաստանն այնպես չի անում, որ Ռուսաստանն իր հանդեպ հարգալից վերաբերվի ու մեզ պատերազմով սպառնացող Ադրբեջանին մեր ռազմավարական դաշնակիցը տալիս է լրացուցիչ զենք:
«Ստացվում է, որ  յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուն սպանելու համար  Ռուսաստանը Ադրբեջանին հինգ հարյուր դոլարի չափով զենք է տրամադրում»,- ասել է  ԱԻՄ նախագահը։
«Ինձ համար մտահոգիչ է ոչ այնքան զենքի վաճառքը, որքան մարդկանց անտարբերությունը այդ հարցում:  Ի՞նչ է նշանակում մեզ պատերազմով սպառնացող երկրին զենք վաճառել»:
Անհնարին թվացող բազմաթիվ իրավիճակներում կարողացել եմ ելք առաջարկել,  շարունակեց Հայրիկյանը` հավելելով, թե չի առաջարկում  ընկնել հակառուսական հիստերիայի  մեջ, սակայն, հակաիմպերիալիստական Ռուսաստանի դեմ հիստերիան նույնիսկ քիչ է:
Ըստ Պարույր Հայրիկյանի՝ նման իրավիճակում, երբ իշխանությունները համարժեք չեն արձագանքում, պետք է ահազանգ բարձրացնեն ընդդիմադիրները:

«Մեր պետական այրերն այս ամենն անտեսում են, որովհետև չեն ունեցել պատմական փորձառություն: Ես համոզված եմ, որ Հայաստանն այնպես չի անում, որ իրեն վերաբերող հարցերում Ռուսաստանը հարգալից վարվի:  Մեզ լուրջ վտանգ է սպառնում»:
Իսկ ահա ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը համոզված է, որ մեր երկիրն ունի բոլոր հնարավորությունները` ապահովելու մեր անկախությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը եւ այստեղ որեւէ խնդիր չկա:
Մեկնաբանելով Պարույր Հայրիկյանի հայտարարությունները` Հայկ Բաբուխանյանը կարծիք հայտնեց, որ դրանք հուզական են եւ կարելի է հասկանալ, քանի որ Հայրիկյանը խորհրդային բանտերում է նստել, որոնք գտնվել են Ռուսաստանի տարածքում:
Բաբուխանյանի խոսքով` Հայրիկյանի հայտարարությունները չեն կարող փոխել քաղաքական ընթացքը։
Ինչ վերաբերում է Հայաստանի քայլերին։ Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ պետք է ընդամենը երեք կարեւորագույն սյուներ ամուր պահել` բանակը, Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային ինստիտուտ եւ պետականությունը, որն ազգային արժեք է:

Ցուցադրել ավելի
Back to top button