Հասարակություն

Պարտություններից ծնված հաղթանակ. Մարտակերտի ազատագրման 20- ամյակը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այսօր լրանում է Մարտակերտի ազատագրման 20-ամյակը: ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը փաստում է, որ այս հաղթանակը յուրահատուկ էր, քանի որ ծնվեց պարտությունների շղթայից:
Շուշիի ազատագրումը հաղթանակների շղթայի ավարտն էր, իսկ Մարտակերտը` պարտությունների շղթայից եկած անսովոր հաղթանակ. այսպես է գնահատում պատմական իրադարձությունը Վարդան Դևրիկյանը։
Մարտակերտը հարթավայրային է, որտեղ կռվելը, ըստ Դևրիկյանի,  ավելի դժվար էր:
Շուշիի ազատագրման ժամանակ մինչ այսօր հիշում ենք անուններ, թե ովքեր են եղել առաջին դիրքերում, իսկ այս առումով Մարտակերտի կռիվները տարբերվում են

«Մարտակերտի փայլուն հաղթանակի դեպքում որևէ մեկը ընդգծված չի ասում, որ ինքը վաստակ ունի, որովհետև Մարտակերտը պատրությունների ծանր բեռի հիման վրա էր, և նա ով իր վրա վերցնի Մարտակերտի հաղթանակը, պետք է նաև իր վրա վերցնի նախորդ պարտությունները»,- ասում է։

1992 թվականի հունիսին մեզ համար  սկսվեց Մարտակերտ հասկացությունը, երբ անսպասելիորեն ընկավ Շահումյանը: Այդ ժամանակ Շահումյանից հայկական ուժերը պետք է Գետաշեն  մտնեին, սակայն սկսվեց պարտությունների ալիքը։
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հիշում է, որ այդ օրերին ինքը պաշտպանության հանձնաժողովի անդամ էր և  քաղաքական իշխանության հանձնարարությամբ Ռուբեն Հախվերդյանի  հետ մեկնում է ռազմաճակատ այն ժամանակ, երբ արդեն վիճակը, Արշակյանի ձևակերպմամբ, շատ վատ էր:
Վերջինս կիսեց Դևրիկյանի կարծիքը, որ ազատամարտիկները սովոր էին կռվելու լեռնային ռելիեֆի պայմաններում, իսկ դաշտային բաց տարածությունում կռվելու հմտություններ չունեին: Արշակյանը նշեց, որ մեր պատմության մեջ տեղի են ունեցել բազմաթիվ «գողություններ» և կեղծարարություններ:

«Իսկականները փոխվել են կեղծերով և ամեն անգամ մենք փաստի առաջ ենք կանգնում. արդյոք սրա՞նք են եղել մեր հերոսները»:

Ղարաբաղյան պատերազմն ու ազատագրական շարժումը ցույց տվեցին, որ մարտականությունն ու ազատասիրությունը գենետիկորեն փոխանցվել են: Արշակյանը նկատեց, որ այն ժամանակ զենք վերցրած հայերը կարողացան հաղթահարել բավականին լուրջ հակառակորդին:
Հավասար տեխնիկական և մասնագիտական հնարավորությունների պայմաններում տեղի ունեցավ մեր հաղթանակը, քանի որ նահանջի և գաղթի ժամանակ ընկճվածություն և պարտվողականություն չկար, ասում է նախկին պատգամավորը։

Back to top button