Հասարակություն

Ոստիկանապետի մի հրամանով խոշտանգումները չեն վերանա. իրավապաշտպանների դեղատոմսը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Խոշտանգումներից զերծ մնալու և վերականգնման իրավունք-2013» խորագրով այսօր հրավիրված համաժողովը նվիրված էր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան։

Խոշտանգումների ավանդույթը, որը ստեղծվել է մեր երկրում դեռևս վաղ խորհրդային ժամանակներից, հնարավոր չէ հաղթահարել ոստիկանապետի մեկ հայտարարությամբ կամ մի քանի ոստիկանների դատապարտելով, կարծում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը:
Ըստ նրա՝ անհրաժեշտ է պետական լուրջ ծրագիր, որպեսզի շահագրգիռ բոլոր կառույցներն ունենան իրենց գործողությունների հստակ ցանկ, ինչի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել խոշտանգումները:
Նա նաև նշեց, որ այդ ծրագրի վերաբերյալ իրենք ներկայացրել են մի շարք առաջարկություններ և պատրաստ են քննարկել դրանք ոլորտի պատասխանատուների և իրավասու կառույցների ներկայացուցիչների հետ:
Ինչպես իր հերթին նշեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանը, Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսին պատրաստվում է ներկայացնել միջանկյալ զեկույց` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ:

«Ընդդեմ իրավական կամայականության» հկ նախագահ Միքայել Արամյանի կարծիքով՝ Հայաստանում չկա խոշտանգումների ենթարկված անձանց վերաբերյալ կոնկրետ վիճակագրություն, քանի որ ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական ակտերում խոշտանգում հասկացությունը հստակեցված չէ այնքանով, որքանով հնարավոր կլինի ապացուցել մեղավորությունն ու  մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Միքայել Արամյանը գտնում է, որ խոշտանգման դեպքերը պետք է քննվեն ամբողջությամբ և անաչառ, իսկ հանցագործները հետապնդվեն և նրանց մեղքը հաստատվելուց հետո  ստանան համարժեք պատիժ:

Հիշեցնենք, որ համաժողովն անցկացվում էր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա շրջանակներում:

Ցուցադրել ավելի
Back to top button