Միջազգային

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները՝ Կարսում

Թուրքիայի եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարներ Բինալի Յըլդըրըմը եւ Զիյա Մամեդովը, Վրաստանի էկոնոմիկայի եւ զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ ժամանել են Կարս` քննարկելու Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության հետ կապված հարցեր:
Ինչպես հաղորդում է  թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, այսօր և վաղը  սպասվող  հանդիպումների ժամանակ երեք երկրների նախարարները պետք է վերջնականապես հստակեցնեն առկա խնդիրները եւ լուծումներ գտնեն 2008 թ. սկսված, բայց տարբեր պատճառներով բազմիցս հետաձգված այդ երկաթուղային ճանապարհի շինարարությունն ավարտին հասցնելու համար:
Ենթադրվում է, որ նախարարները պետք է մասնակցեն Կարսի Մեզրա  գյուղի մոտ առաջին երկաթուղային գծերը տեղադրելու հանդիսավոր արարողությանը: Թուրքիայի կողմից շրջափակված Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհի առկայության պայմաներում Կարս-Ախալքալաք երկաթուղին, որի 180 կմ ընդհանուր երկարության 103 կմ հատվածը գտնվում է Թուրքիայի տարածքում, իսկ 77 կմ-ը` Վրաստանում, կառուցվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ` նպատակ հետապնդելով շարունակել Հայաստանի շրջափակումը:
Տնտեսական հիմնավորումից զուրկ և քաղաքական նպատակ հետապնդող այդ երկաթուղու շինարարության համար նախագծով նախատեսված էր 600 մլն դոլար: Սակայն Ադրբեջանն արդեն 770 մլն դոլար արտոնյալ վարկ է հատկացրել Թբիլիսիին միայն Վրաստանով անցնող հատվածի համար, իսկ երկաթուղու վրա ընդհանուր առմամբ մինչ այժմ 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսվել:

Ցուցադրել ավելի
Back to top button