Հասարակություն

ԹԻ- ն Երեւանի գլխավոր ճարտարապետին մեղադրում է իշխանազանցության մեջ

Թրանսփերենսի ինթերենեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին կասկածում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության մեջ։

Կազմակերպության այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազություն  իրենց ներկայացրած դիմումի հիման վրա Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր։

«Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը, որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավարել է 1999-2004թթ. և 2011թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: Ն.Սարգսյանի օրոք և նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երևանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊ ընկերությունը:  Մասնավորապես, նշված ըներությունն է նախագծել նաև Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի և դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը և դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ:

Հարկ է նկատել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005թ. հայտնաբերել է  Երևան քաղաքում հուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որևէ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չի ենթարկել, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար:

2008-2011թթ. Ն.Սարգսյանն, աշխատելով որպես ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը և ներգրավվել արդեն իսկ կառուցված կամ կառուցապատման ընթացքում գտնվող մի քանի շենքերի նախագծային աշխատանքներում: Նույն գործելաոճը շարունակել է 2011թ.-ից ի վեր՝ կրկին աշխատելով որպես Երևանի գլխավոր ճարտարապետ:

Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիսանում է հանրային ծառայող: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝  «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Վերոնշված փաստերի պարագայում ողջամիտ կասկածներ են ծագել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապես Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսևորման և պաշտոնի հնարավոր չարաշահումների վերաբերյալ»,- ասված է ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button