

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մտահոգում է Հայաստանին, թեեւ դա չի նշանակում, որ ռազմական հավասարակշռվածությունը խախտվում է: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր նկատեց, որ Հայաստանն էլ է Ռուսաստանից սպառազինություններ է ստանում։
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու իրողությունը դիտարկելով հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում` ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այսօր նկատեց, որ իդեալական դաշնակիցներ երբեք չեն լինում:
Ըստ նրա, սակայն, հայ-ռուսական դաշինքը հավասարության վրա հիմնված դաշինք է հատկապես այն առումով, որ որքան ՌԴ-ն է կարևոր մեզ համար, այնքան էլ մենք ենք կարևոր նրա համար: Հետևաբար՝ այս սկզբունքը հաշվի առնելով, ըստ ռազմական փորձագետի, մենք չպետք է կաշկանդվենք մեր ռազմավարական գործընկերոջ առաջ ցանկացած հարց դնելուց:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նկատում է, որ Բաքուն գնում է այնպիսի զենքեր, որոնցով կկարողանա ճեղքել արցախյան ճակատում մեր պաշտպանությունը: Նրա խոսքով` դա է այն տրամաբանությունը, որի շրջանակներում Ադրբեջանը սպառազինվում է:
Փորձագետի գնահատմամբ, սակայն, զենքի այս վերջին խմբաքանակի գնումը Ադրբեջանին չի կարող օգնել` իր այդ նպատակին հասնելու հարցում։
«Սրանով, իհարկե, մեկ քայլ է ընդառաջ դեպի այդ նպատակի իրականացում, բայց չի նշանակում, որ այդ զենքով կարող են հասնել իրենց նպատակին: Բաքուն մի քանի ուղղություններով չի կարող ճեղքել արցախյան ճակատում մեր պաշտպանությունը»։
Ռազմական փորձագետի համոզմամբ` հայկական կողմն ունի այնպիսի զինատեսակներ, որոնցով կկարողանա զսպել հակառակորդի ագրեսիան ու չեզոքացնել մեր թշնամու կարևոր ենթակառուցվածքները: Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, գործ ունենք սպառազինության մրցավազքի նոր փուլի մեկնարկի հետ, ուստի` հայկական կողմի համարժեք քայլը կլինի Ադրբեջանից հետ չմնալը:
Միաժամանակ` բանախոսի գնահատմամբ՝ երեկ պաշտպանության նախարարը շատ տեղին է հայտարարել, որ կուրորեն չպետք է տրվել այդ մրցավազքին:
Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը համաձայն չէ, որ մենք պետք է հետևենք Ադրբեջանի օրինակին։
«Ադրբեջանը դեռ չի հասել սպառազինության այն մակարդակին, որ մենք նրանից օրինակ վերցնենք, դեռ նա է մեր ետևից գալիս»,- ասում է։
Ադրբեջանի վերջին ռազմատենչ հայտարարությանն անդրադառնալով` Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ նկատում է, որ «դա հայտարարում է մի երկիր, որ պարտություն կրելուց հետո ամեն օր լացուկոծ է անում: Այդ ամենն ուղղված է ներքին լսարանին, որովհետեւ արտաքին թշնամու կերպարը այսպես արթուն պահելը սնուցում է ժառանգական ավտորիտար ռեժիմը»։
Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են, որ փխրուն զինադադարը նորից չվերածվի ռազմական գործողությունների, սակայն Ադրբեջանը ձգտում է ձերբազատվել համանախագահների միջոցով կարգավորման ձեւաչափից:
Ալիեւի վերջին հայտարարության առթիվ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը շեշտեց, որ վերջինս տարին առնվազն տասն անգամ նման հայտարարություն է անում: Վերլուծաբանը հիշեցրեց, որ Ադրբեջանում այսօր կան շատ լուրջ խնդիրներ` օրեցօր ուժեղանում են իսլամական շարժումն ու բնիկ ժողովուրդների խնդիրները, ինչից էլ վախենում է Ալիևը։