Հասարակություն

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: ՎՊ լրատվական ծառայության հաղորդմամբ, Բոնում Իշխան Զաքարյանին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բարձրագույն Վերահսկիչ պալատի նախագահ դոկտոր Դիտեր Էնգելսը, ով ղեկավարում է Գերմանիայի արտաքին պետական վերահսկողական ողջ համակարգը:

Իշխան Զաքարյանն ու Դիտեր Էնգելսը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը ենթադրում է փորձի փոխանակում, համատեղ ստուգումներ և ուսումնասիրություններ: Առաջիկա տարիներին համագործակցությունն ուղղված է լինելու, մասնավորապես, շինարարության և պետական գնումների համակարգի ուսումնասիրմանն ու վերլուծմանը: Կողմերը նշել են, որ վերահսկողության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են բավականին կայուն և ժամանակն է` համագործակցությունն ավելի խորացնելու և ընդլայնելու:

Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությունն այսօր կմեկնի Հեսսենի երկրամաս, որտեղ գերմանացի գործընկերների հետ կքննարկվեն ճանապարհաշինության վերահսկողության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ու չափագրման մեթոդների կիրառման խնդիրները: Այցի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությանն ուղեկցում են Գերմանիայի տնտեսական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները:

Ցուցադրել ավելի
Back to top button