ԿարևորՔաղաքական

Մայդանեկը կարող էր եւ չլինել, եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը (ֆոտոշարք Մայդանեկից)

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարևանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի:
Պատվո պահակախմբի ուղեկցությամբ համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր զոհերի հիշատակին և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում:
«Իրողության կոծկումից ու ժխտումից մինչև հանցավոր լռություն և անտարբեր հանդուրժողականություն` ահա այսպիսի պայմաններում են տեղի ունենում մարդկության պատմության ծանրագույն ոճիրները: Մայդանեկը կարող էր և գոյություն չունենալ, եթե ժամանակին հայերի դեմ իրականացված XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց հասանելիք պատիժը: 

Ինչպես կարող եմ չհիշել համամարդկային արժեքների և ժողովուրդների միջև համերաշխության անմնացորդ նվիրյալ, լեհ ժողովրդի մեծագույն զավակներից Հովհաննես Պողոս II Պապի խոսքերը` «Հայոց ցեղասպանությունը հանդիսացավ այն սարսափի նախերգանքը, որ պիտի տեղի ունենար երկու աշխարհամարտերի, բնաջնջման կազմակերպված ճամբարներում և անհամար տարածաշրջանային հակամարտություններում` խլելով միլիոնավոր կյանքեր»,- այստեղ ելույթում ասել է Սերժ Սարգսյանը

Այնուհետև մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան և Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը: Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա լեհահայ համայնքի պատվիրակների հետ:

։

Back to top button