ԿարևորՀասարակություն

Հայաստանում վերջին երկու տարիներին թմրամոլների թիվն աճել է 50 տոկոսով

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում թմրամոլությունը աճի միտում է արձանագրվում, չնայած որ երեւույթը նվազեցնելու եւ կանխելու համար մշտապես պայքար է տարվում: Շվեդիան առայժմ միակ երկիրն է ում հաջողվել է կանգնեցնել աճի տեմպերը, ասում է ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Նրա խոսքով՝ այսօր ԱՆ նարկոլոգիական ծառայության կողմից հաշվառված է 4332 թմրամոլ՝ որոնցից 55-ը կին է, երկրորդ հաշվառումով, որը հետազոտությունների արդյունք է, ունենք շուրջ 12700 թմրամոլ: Ըստ Պետրոս Սեմերջյանի, սակայն, բոլորին էլ հայտնի է, որ ոչ բոլոր թմրանյութ օգտագործողներ են դիմում բուժօգնության եւ հաշվառվում: Այսինքն՝ այս թվերը չեն կարող իրական պատկերը փոխանցել:

Ցանկացած թիվ մտահոգիչ է, ասաց նարկոլոգն, բայց նշեց, որ այլ երկրնրի հետ համեմատ Հայաստանը շատ ավելի բարվոք վիճակում է:

«Երբ որ կոնֆերանսներից մեկում Վրանստանի թմրամոլների ցուցանիշը հրապարակվեց՝ 400 հազար, մենք հարցրեցինք, կարող է դուք սխալվել եք եւ սլայդում 40 հազարի փոխարեն 400 հազար է ցուցադրվել, ասեցին որ երանի չէր որ 40 հազար թմրամոլ ունենայինք, այնպես որ Հայաստանը շատ բարվոք վիճակում է գտնվում հատկապես մեզ շրջապատող հարեւան երկրների հետ համեմատած, Պարսկաստանում այսօր 3.5 միլիոն թմրամոլ կա, սա ամենամեծ ցուցանիշն է ողջ աշխարհում»:

ՀՀ-ը միջգերատեսչական պայքար է տանում երեւույթը կանխելու ուղղությամբ, վստահեցրեց Պետրոս Սեմերջյանը:
«Այդ նպատակով ՀՀ նախագահը արձակել է հրամանագիր որտեղ հստակ հանձնարարականներ է տվել բոլոր գերատեսչություններին որոնք ներգրավված են այդ պայքարում, գիտեք երբ որ խոսում ենք թմրամոլությունից, բոլորն անդրադառնում են առողջապահությանը. Առողջապահությունը շատ մեծ դեր ունի թմրամոլության դեմ պայքարում, բայց բոլոր գերատեսչությունները դեր ունեն , կրթությունը, դատախազությունը, ոստիկանությունը, դատարանները, ՀԿ-ները»:

Նշենք, որ հաշվառված թմրամոլների մեջ 65-75 տոկոսը 29-49 տարեկաններն են, Ունենք մեկ անչափահաս թմրամոլ: Նախորդ երկու տարիների համեմատությամբ նրանց թիվն ավելացել է 50 տոկոսով: Թմրամիջոցները մի քանի մեծ խմբերի են բաժանված՝ Հայաստանում առաջին տեղում է կանեփից պատրաստված թմրամիջոցները, երկրորդում՝ ափիոնատիպ թմրամիջոցներն են, կոկայինի խումբը գրեթե չկա Հայաստանում: Բոլոր թմրամիջոցները վտանգավոր են, սակայն մեր երկրում ամենամտահոգիչն ըստ նարկոլոգի՝ էժան ու մահաբեր բենզինն է:

Հավելենք, որ աշխարհում մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ խնդրին սեւեռելու նպատակով 1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր:

Ցուցադրել ավելի
Back to top button