Հասարակություն

Նավասարդ արքեպիսկոպոսը հերքում է օֆշորային սկանդալի հետ կապը

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր «Արմենպրեսին» տված հարցազրույցում հերքել է օֆշորային սկանդալի հետ կապը։

«Փաստը մնում է փաստ, որ իմ անունն այդ կազմակերպության գրանցման ժամանակ օգտագործելը կատարվել է առանց իմ իմացության: Կարծում եմ, որ Աշոտ Սուքիասյանն ինչ-որ կերպ կարձագանքեր, եթե այդ նամակի հեղինակը լիներ այլ ոք: Ինչ վերաբերում է մամուլում պարբերաբար ի հայտ եկող նորանոր տեղեկություններին և դրանց հետ կապված ինձ ուղղվող հարցադրումներին, կարող եմ ասել մի բան` այս պատմության հետ ես պարզապես որևէ առնչություն չունեմ, չունեմ հիմնովին, և հետևաբար չեմ կարող տեղեկացված լինել դրա ծալքերին: Հենց սա է պատճառը, որ հասարակության մեջ ծայր առած կասկածները փարատելու դեղատոմս չեմ կարող առաջարկել: Ես չեմ մեղադրում լրագրողներին, բայց, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ լսել նաև իմ տեսակետը, առավել ևս՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ օֆշորում կազմակերպության գրանցման հարցում որևէ մեկի անունն առանց իր իմացության օգտագործելը մեծ ջանք չի պահանջում»,- հայտարարել է նա։

Նա նաեւ հերքել է, որ շարունակում է իր շփումները Աշտո Սուքիասյանի հետ։
«Նա եղել է Սբ Սարգիս եկեղեցու խաչքավորը, և այդ շրջանակներում ես նրա հետ, իրոք, բավականին մտերիմ եմ եղել: Բազմիցս ճանապարհորդել ենք միասին և կարծես ճակատագրի հեգնանքով 2011 թվականին եվրոպական երկրների շարքում, ընկերներիցս մեկի՝ Տիգրան Բադալյանի հրավերով մի քանի օրով այցելել ենք Կիպրոս, Նիկոսիա, ուր ներկա ենք գտնվել նաև Աշոտի ընկերոջ՝ Տարոնի ընտանեկան միջոցառմանը: Այդ ժամանակ՝ 2011-ի մարտին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ դրանից դեռևս մեկ տարի առաջ, ինչպես հայտնի դարձավ վերջերս, Աշոտ Սուքիասյանն իմ անունն օգտագործել էր իր կազմակերպությունը գրանցելիս: Ես գիտեի, որ նա Կիպրոսում գրանցված ինչ-որ ընկերություն ունի իր գործընկեր, ոմն Սերգեյի հետ: Գիտեմ, որ նա ազգությամբ բելառուս է: Այլ տեղեկություններ Աշոտի կիպրոսյան ընկերությունից ինձ հայտնի չեն եղել: Անցյալ տարվա ամռանն Աշոտը լքեց Հայաստանը: Այս ընթացքում մեր միակ շփումը եղել է Նոր տարվա օրերին, հեռախոսով»,- ասել է Նավասարդ արքեպիսկոպոսը։

Ցուցադրել ավելի
Back to top button