ԿարևորՀասարակություն

ՀԲ.Սոցիալական խնդիրները ՀՀ քաղաքացիներին ստիպում են նախ կրճատել հենց առողջությանն ուղղվող ծախսերը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Համաշխարհային բանկը ներկայացրել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին առնչվող առողջապահության նոր զեկույցը: Այն բացահայտել ու բարձրաձայնել է խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ առաջարկել իր տարբերակները: Խոսքը գործի վերածելու հստակ քայլերի քննարկման նպատակով զեկույցի հեղինակներն ու միջազգային այս կառույցի ներկայացուցիչները միաժամանակ հանդիպումներ ու քննարկումներ են անցկացնում հայաստանյան առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ: Որ խնդիրներն են առանձնացվել մեր երկրի առողջապահության ոլորտում, և ինչ քայլեր է առաջարկվում ձեռնարկել:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների առողջապահական ոլորտի արդյունքները վերջին 50 տարիների ընթացքում ամենադանդաղն են առաջխաղացում գրանցել: Համաշխարհային բանկն է արձանագրել իր հետազոտություններով ու արդյունքներն ամփոփել իր վերջին զեկույցում: Նույն դիտարկումները խոսում են այն մասին, որ առողջապահության ոլորտում իր լավագույն ցուցանիշերը մեր երկիրը գրանցել է դեռ 1990-ականներից առաջ: Խորհրդային տարիների ցուցանիշը դեռ անգերազանցելի է երկրի ներկա ցուցանիշերի համեմատ:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բնակչության շրջանում ամենատարածվածը սրտանոթային հիվանդություններն են: Համաշխարհային բանկում վտահ են, որ հենց դրանց նման տարածվածությունը ինքնաբերաբար պետք է հանդիսանա համարժեք քաղաքականության որդեգրման թիրախ: Սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացության կրճատման համար անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ` առաջին հերթին ուշադրությունը կենտրոնացնելով ծխախոտի եւ ալկոհոլի գործոնների վրա: Օուեն Սմիթը, ով Համաշխարհային բանկի առողջապահության ոլորտի առաջատար տնտեսագետն է և զեկույցի համահեղինակը, գտնում է, որ Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացության կրճատման համար անհրաժեշտ է ծխախոտի ոլորտն առավել խիստ հարկել, իսկ մարդկանց մոտ շատ հաճախ նկատվող բարձր ճնշմանը նոր բարելավված մոտեցում ցուցաբերել:

«Համաշխարհային բանկի նոր` առողջապահության ոլորտին առնչվող զեկույցն առաջարկում է, որ առողջապահական օրակարգում կանխարգելումն ու բուժումը հավասարապես արժանանան ուշադրության ՝ արդյունավետ ծախսային միջոցառումների ներդրման միջոցով: Հայաստանում առողջապահական համակարգի խոցելի կետերից մեկը ֆինանսական ապահովությունն է, քանի որ տնային տնտեսությունների զգալի մասը բժշկական ծախսերի հետեւանքով ենթակա է աղքատացման վտանգին: Միևնույն ժամանակ աղքատների և հարուստների միջև առողջապահության մատչելիության անհավասարության առումով տարածաշրջանում Հայաստանն արձանագրել է ամենաբարձր ցուցանիշերից մեկը»:

Համաշխարհային բանկը խնդիրների վերհանումից զատ նաեւ դրանց լուծման իր տարբերակներն է առաջակում: Օրինակ` առողջապահական աջակցության որոշակի ընդլայնված փաթեթ: Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփիի աչքից չի վրիպել, որ սոցիալական խնդիրները Հայաստանի քաղաքացիներին ստիպում են նախ կրճատել հենց առողջությանն ուղղվող ծախսերը: Դրա համար խոցելի խմբերի համար առողջապահական ծրագրերը պետք է շատ ավելի ճիշտ թիրախավորվեն, վստահ է նա: Պետբյուջեի ծախսերն էլ առավել արդյունավետ կատարելու համար առաջարկվում է ազատվել հիվանդանոցային լրացուցիչ և նույնիսկ ավելորդ ենթակառուցվածքներից, ու որ հատկապես հետաքրքիր է` տարբեր հիվանդությունների համար սահմանել տրամաբանված դեղատոմսեր, որպեսզի մարդկանց կողմից կատարվող ծախսերը նվազեցվեն` ոչ բուժման արդյունավետության հաշվին: Հայաստանին եւ տարածաշրջանի այլ երկրներին խորհուրդ է տրվում հետեւել զարգացած երկրների արդեն հաջողված փորձին:

Ցուցադրել ավելի
Back to top button