Հասարակություն

Արագաչափերն ու տեսախցիկները մինչեւ տարեվերջ կավելացվեն

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/06/250613rood.mp3
Ճանապարհային ոստիկանները խորհուրդ չեն տալիս շահարկել «Վարչական իրավախախտումների մասին»  օրենսգրքում կատարված փոփոխությունները, հատկապես, որ դրանք դեռ հանրապետության նախագահը չի ստորագրել, դեռ  պաշտոնական տեղեկագրքում ներառված չէ, ուստի և դեռ ուժի մեջ չէ:
Վերը նշվածի պարագայում էլ անհանգստանալու կարիք չկա, ասում են ոստիկաններն ու վստահեցնում, որ փոփոխությունները միայն տեխնիկական բնույթ են կրում, վարորդների համար որևէ նոր նորմ  նախատեսված չէ, տուգանքի չափերն էլ չեն բարձրացել:
Փոխվել ու խմբագրվել է միայն տեսքտային  տարբերակը, ասում է ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արմեն Չիլինգարյանը՝ հետադարձ հայացք նետելով անցյալին  հիշելով, թե ինչպես էին իրենց մեղադրում, որ տեխնիկական սարքերի սխալվելու հնարավորությունը հաշվի չեն առել:
«Մինչև տասը կիլոմետր ժամի համար պատասխանատվություն չնախատեսելը կապված է արագաչափ սարքերի սխալանքի հետ»,-  ասաց  ՃՈ ներկայացուցիչը՝  տեխնիկական փոփոխություններն ուղղակի կապելով  հիշեցման հետ:
Փոփոխությունների պատճառը արագաչափերի սխալանքը օրենքով ամրագրելն է:  ՃՈ-ում վստահ են ու շարունակում են պնդել՝ տեխնիկական սարքերով ճանապարհային վերհասկողությունն ավելի արդյունավետ է։

ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը ասվածն ապացուցում է վիճակագրությամբ.
2013թ առաջին հինգ ամիսներին Երևանում գրանցվել է 396 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով մահացել է 21 մարդ, վիրավորվել 511-ը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 54-ով, զոհերի քանակը երեքով նվազել է, վիրավորներինն ավելացել է 56-ով:
«Ողջ հանրապետության վիճակագրությունը փաստում է  այն հանգամանքը, որ այսօրվա դրությամբ պատահարների քանակն ավելացել է՝ և զոհերի, և վիրավորների, բայց Երևանում դրանց թիվը նվազել է»,- ասում է նա։

Նշենք, որ այժմ տեղադրված է և շահագործվում է 70 արագաչափ սարք, 59 խաչմերուկներ վերահսկվում են  տեսանկարահանող սարքերի միջոցով: Մինչև տարեվերջ արագաչափ սարքերի քանակը կհասցվի 105-ի, իսկ տեխնիկական սարքերով վերահսկվող խաչմերուկները կդառնան 80-ը:
Ի տարբերություն խաչմերուկները վերահսկող սարքերի՝ արագաչափերը  տեղադրվում են նաև մարզային, միջմարզային ու միջհամայնքային ճանարապարներին։
Չնայած տեսախցիկների ու արագաչափերի քանակի ավելացմանը, ճանապարհային ոստիկանները անելիք ունեն՝ պետք է ճանապարհային երթևեկությունը կարգավորեն, տրանսպորտային միջոցներն ուղեկցեն, ճանապարհատրանսպորտային պատահարի  վայրի անվտանգությունն ապաոհվեն, վստահեցնում են ճանապարհային ոստիկանության ղեկավարները։

Back to top button