Վերլուծական

Վրաստանում ոչ ստանդարտ իրավիճակ, սակայն՝ ոչ երկիշխանություն

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»

Վրաստանն անցյալ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակում հայտնվեց. երկու քաղաքական հակառակորդները` նախագահն ու վարչապետը ստիպված միասին կառավարում են նույն երկիրը` գրեթե առանց համագործակցության:
2010-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում այս տարվանից Վրաստանը նախագահական մոդելից անցում է կատարում կիսանախագահական –կիսախորհրդարանական մոդելի: Այս փոփոխությունները, որի հեղիակը երկրի նախագահի գլխավորած «Ազգային շարժումն» էր, վերլուծաբանների պնդմամբ ձեռնտու էր հենց Սահակաշվիլիին, ով հույս ուներ նախագահական լիազորությունների ավարտին ընտրվել վարչապետի պաշտոնում։
Սակայն իրադարձություններն անսպասելի ընթացք ստացան: Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին անսպասելիորեն քաղաքականություն մտնելով, կարողացավ իր շուրջը համախմբել երկրի բնակչության մեծասմասնությանը ու համոզիչ հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններում:
Այդպիսով՝ Սահակաշվիլին որպես նախագահ կորցրեց իր լիազորությունների մի մասը, այդ թվում՝ վերահսկողությունը կառավարության ու խորհրդարանի վրա, սակայն այդուհանդերձ նա մնում է երկրի առաջին դեմքը:
Երկրի նախագահն ու վարչապետը գրեթե չեն հանդիպում, ընդունելությունների ու այցելությունների միասին չեն մասնակցում: Վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեշվիլին «Ռադիոլուրին» ասաց, որ նախագահն ուղղակի խոչընդոտում է կառավարության գործունեությունը։
«Անկեղծ ասած՝ Վրաստանում երկիշխանություն չկա: Սահակաշվիլին ուղղակի մեզ խանգարում է, բայց մենք առաջ ենք շարժվում. երկիշխանությունը այն է, երբ առանց մեկը մյուսի անհար է շարժվել, բայց մենք առանց Սահակաշվիլիի շատ լավ շարժվում ենք… ոչ այնքան լավ, բայց շարժվում ենք»:
Երկրի նախագահի գլխավորած կուսակցության անդամներից պատգամավոր Դավիդ Դարչիաշվիլին ևս կարծում է, որ երկիշխանությունը իրավիճակի ադեկվատ բնութագրումը չէ:
«Նախագահը, որ Սահմանադրության համաձայն ունի լուրջ լիազորություններ, փաստացիորեն կառավարությանն է հանձնել երկրի ղեկավարումը: Այնպես որ՝ իշխանության ողջ պատասխանատվությունը կառավարող մեծամասնության ձեռքում է»:
Այսպես, իհարկե, դժվար է աշխատելը, նկատում է Դարչիաշվիլին՝ հավելելով, որ իրենց էլ խանգարում է Իվանիշվիլին իր «Վրացական երազանք» կոալիցիայով:
«Իհարկե՝ շատ դժվար է. մի կողմից չկա նման փորձ` ընտրությունների միջոցով իշխանության փոխանցման., մյուս կողմից նոր իշխանության հետ, որը հեղափոխական ռևանշիստական քայլեր է անում, դժվար է կառուցողական համագործակցություն ունենալ»:
Եվ այս պայմաններում երկիրը պետք է կառավարվի մինչև հոկտեմբեր` նախագահական ընտրություններ: Դարչիաշվիլին կարծում է` թեև նոր իշխանությունների ռեյտինգը բարձր է, ինչպես սովորաբար լինում է Վրաստանում, սակայն այն շատ շուտ իջնելու է, որովհետև խնդիրները, որ խոստացել էին լուծել, դեռև լուծված չեն:
Իսկ նոր իշխանության ներկայցուցիչները վստահ են, որ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակն իրենց է լինելու:
«Սահակաշվիլին մեզ խանգարում է, սակայն հոկտեմբերից այլևս այդպես չի լինի»,- ասաց Վերաինտեգրման հարցերով նախարար Զաքարեիշվիլին՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը վրաց ժողովրդի, ինչու չէ նաև կովկասյան մյուս երկրների համար եզակի փորձ է:

Ցուցադրել ավելի
Back to top button