ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը բարեկամ է հայաստանցիների 90 տոկոսի, սպառնալիք՝ վրացիների 78 տոկոսի համար

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Եվրասիական զարգացման բանկի  պատվերով GALLUP International- ի իրականացրած հարցումը  փորձել է պարզել հետխորհրդային տարածքի  ինտեգրացիոն նախասիրություններն ու հակումների վեկտորը երեք հիմնական հարթություններում՝   քաղաքական, տնտեսական ու  մշակութային։ Հարցումն անցկացվել է ԱՊՀ երկրներում ու Վրաստանում: Հարցվածների ընդհանուր թիվը մոտ 13 հազար է:
GALLUP International -ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով ՝ նպատակը ԱՊՀ տարածքի համար կարևոր գործընթացների մասին  հանրության  պատկերացումներին  ծանոթանալն էր։
«Ինտեգրացիոն գործընթացների մասին մենք շատ ենք լսում քաղաքական գործիչների, քաղաքագետների ու տնտեսագետների մոտեցումները, բայց շարքային քաղաքացիների  կարծիքը կարծես թե անտեսվում է»:
Հարցումները ցույց են տալիս, որ ԱՊՀ տարածքը քաղաքական ու տնտեսական առումով հիմնականում  կողմնորոշված է դեպի Ռուսատան:   Հետազոտված երկրներնի շարքում ընդհանուրից տարբերվող վերաբերմունք արտահայտել են Վրաստանում ու Ադրբեջանում հարցվածները։
Ըստ հարցման տվյալների՝ հայաստանցիների 90 տոկոսը բարեկամ երկիր է  համարում Ռուսաստանը: Համարյա նույն պատասխանն է ստացվել նաև որ երկիրն եք ռազմաբվարական դաշնակից համարում հարցին. այստեղ հայատանցիների 88 տոկոսն է նշել Ռուսատանի անունը:
Ոչ բարեկամ երկրի հարցում նույնպես պատասխանը միանշանակ է եղել.  հարցվածների մոտ    94%-ը  որպես թշնամի երկիր նշել է Ադրբեջանը:
Ի դեպ՝ հետաքրքիր են նույն հարցերին մեր հարևանների տված պատասխանները: Վրաստանը ԱՊՀ երկրներից բարեկամ է համարել Ադրբեջանին ու Ուկրաինային՝ առաջինի օգտին գրանցելով 41, երկրորդի օգտին 52 տոկոս վստահություն:
Եթե Հայաստանում հարցվածների 88 տոկոսը ռազմական դաշնակից համարում է Ռուսաստանին, ապա վրացիների մոտ  78 տոկոսը վտանգ է զգում այդ երկրից:
Մաքսային միության և Տնտեսական միասնական տարածքի ստեղծման գաղափարը, ըստ հետազոտության, 50-ից ավելի տոկոսով  պաշտպանում են  հետխորհրդային բոլոր երկներում՝ բացառությունը  նորից  Ադրբեջանի ու Վրաստանի, որտեղ կողմ արտահայտվողներն ավելի քիչ են, քան՝ դեմերը։

Հարցաշարում, սակայն, ներառվել են նաեւ այլ հարցեր՝ ո՞ր երկրի ապրանքներն եք հիմնականում գնում, որտե՞ղ եք նախընտրում ապրել, որտե՞ղ եք ուզում հանգստանալ, ո՞ր երկրի մշակույթն է հետաքրքիր և այլն:
Այստեղ հայաստանյան վեկտորները ընդգծված ռուսականից փոքր-ինչ շեվում են. հայաստանցիների 46 %-ը նշել է, որ կուզենար ներդրումներ անել Ռուսաստանում, 36 %-ը՝ եվրոպական երկրներում, 41 տոկոսը կցանկանար  սովորել եվրոպական երկրներում, և միայն 18-ը՝ Ռուսաստանում:
Հարցման արդյունքներից որևէ մեկը չի զարմացնում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցին:
«
Ես բնական եմ համարում, որ մեզ մոտ ենթադրյալ թշնամու առաջին համարը տվել են Ադրբեջանին,  դաշնակցի առումով առաջինը համարում են Ռուսաստանին: Բնական եմ համարում, որ մարդիկ կրթական առումով ձգտում են դեպի Եվրամիություն»:
Իսկ այն, որ հայաստանցիների  կողմնորոշումն այդքան ընդգծված է դեպի Ռուսատանը, քաղաքագետը ոչ թե վախեցնող, այլ  անգամ հուսադրող է համարում: Հիշեցնում է, որ  1997 թ.  Հայաստանում մեկ միլիոնից ավելի մարդ կողմ էր , որ մեր երկիրը միանա   Ռուսաստան–Բելառուս միությանը:
Այս համեմատության մեջ հայաստանցիների ռուսական կողմնորոշման ցուցիչն անգամ նվազել է:
Հիշեցնենք, որ Գելափն այս հարցումն իրականացրել է Եվրասիական զարգացման բանկի  պատվերով, որը  Եվրասիական տնտեսական միության կառույցներից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button