ՀՀԿ կադրային բազան շատ մեծ է, բայց փոփոխությունների համար պետք է առիթ լինի, ասում է Գալուստ Սահակյանը


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Նորանկախ Հայաստանի ստեղծման օրից ցանկացած վարչապետի պաշտոնանկության մասին խոսվել է, դա հայկական սցենարի տարբերակ է դարձել, այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով «օֆշորային սկանդալից» հետո վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին խոսակցություններին։
Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումների ժամանակ կարող են կոշտ դիտարկումներ լինել, շեշտեց բանախոսը՝ անդրադառնալով ՎՊ հաշվետվության շուրջ ծավալված բուռն քննարկումներին։ Գալուստ Սահակյանի խոսքով` խորհրդարանական քննարկումները լուրջ իրողություն են, բայց դա չի նշանակում, որ անպայման մեկին պետք է գլխատել, գործից հանել: Պետք է դաշտ ստեղծել, որ նման երևույթներ չլինեն, շեշտեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։
«Եւ մենք, եւ կառավարությունը, կարծում եմ, պիտի հետամուտ լինենք, որ չարաշահումների հետ կապված բոլոր գործերը դատախազության կամ իրավական մարմինների քննարկման առարկան դառնան»։
Եթե կան մեղադրանքներ, ուրեմն` դրանք կամ պիտի հերքվեն, կամ` հաստատվեն ու մեղավորները պատժվեն, նշեց նա` շեշտելով, որ հանցագործությունը պիտի պատժվի եւ այդ ճանապարհն է, ըստ Գալուստ Սահակյանի, ընտրել Հանրապետական կուսակցությունը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաեւ հայտնեց, որ չի քննարկվել մարզպետների փոփոխության հետ կապված հարց, այդ թվում` կուսակցությունը չի անդրադարձել Սյունիքի մարզպետի նշանակման հարցին:
ՀՀԿ կադրային բազան շատ մեծ է, բայց փոփոխությունների համար պետք է առիթ լինի, ասաց բանախոսը։ Նա նշեց, որ կառավարության աշխատանքից գոհ են։ Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի` մարզպետի պաշտոնին վերադառնալու մասին խոսակցություններին, Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, նա հակված չէ նորից մարզպետ լինել: Սյունիքի մարզպետի նշանակման հարցն էլ լուծելու է հանրապետական վարչապետը, երբ հարմար գտնի:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսօր կրկին գնահատեց ընդդիմադիր դաշտը: Նախ ասաց, որ ընդդիմությանը և իշխանությանը ժողովուրդն է որոշում եւ ժողովուրդը որոշել է, թե ով է իշխանությունը, ով ընդդիմությունը, ապա կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր դաշտը թույլ է, բայց լավ ընդդիմադիր գործիչներ կան։
Անդրադառնալով արտագաղթի թեմային` Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ պատճառները միայն սոցիալական չեն: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ հունվարից աշխատավարձերի համատարած բարձրացումներ կլինեն: Սահակյանը հիշեցրեց, որ անապահովների գազասպառումը սուբսիդավորվելու է կառավարության կողմից, և նրանք չեն զգա թանկացումը։
«ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը «Գազպրոմին» վաճառելու վերաբերյալ հարցին արձագանքելով` ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե դա հնարավորություն է տալիս, որ առաջիկա հինգ տարիներին գազի գինը չփոխվի։