Արմավիրցիները կրկին ճանապարհ են փակում (լրացված)


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Այսօր առավոտյան Արմավիրի մարզի Հացիկ, Այգեվան, Խանջյան և Մյասնիկյան գյուղերի ծիրանի այգետերերն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ծիրանի բերքի իրացման հետ կապված՝ փորձելով փակել Երևան-Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Հացիկ և Խանջյան գյուղերի հատվածը:
Եթե մարզի 46 համայնք մայիսի 12-ին տուժեց հանկարծահաս ուժեղ կարկուտից և այդ գյուղերի բնակիչները զրկված են բերքից, ապա մարզի մյուս համայնքներում բերքն առատ է և այգետերերն այս անգամ կանգնել են մեկ այլ խնդրի առջև: Կարգավորված չէ ծիրանի իրացման հարցը:
Ծիրանի այգիներում բարձր բերքատվության պատճառով բերքը միջին չափի է և գնորդները հրաժարվում են մեծածախ գնով բերք գնել, եկողներն էլ առաջարկում են ցածր գներ, սակայն այսօր նրանք էլ չկան, իսկ ծիրանը օդի բարձր ջերմաստիճաով պայմանավորված շատ արագ հասունանում է ու թափվում` ջուրը լցնելով մշակողի քրտինքը:
Նախկինում ծիրանը վաճառել են վրացի գործարարաներին, որոնք հիմա չկան, քանի որ ասհամանի վրա Վրաստան ներմուծվող ապրանքի բեռնափոխադրաման մաքսային տուրքը շատ ավելի բարձր է և ձեռնտու չէ։
Տեղացի անհատ գնորդները նախապես բանավոր պայմանավորվել են այգետերերի հետ բերքի իրացման հարցում, սակայն այսօր նրանք չկան: Խանջյանցիների խոսքերով՝ այստեղ նույնպես ծանոթ- բարեկամ սկզբունքն է գործում, որպեսզի կարողանան պտուղը վաճառել։
Վերամշակող ձեռնարկություններից ն «Նոյան» բնական հյութեր արտադրող գործարանի Վանանդի մասնաճյուղը երկու օր առաջ սկսել է ծիրանի մթերումը` 1 կգ 50 դրամով: Սա այն դեպքում, երբ գյուղացին է բերքը հասցնում գործարան, իսկ ընկերությունը այգիներից գնում է 30 դրամով:
Նախորդ տարիներին գյուղացիների բերքը գնել է «Սպայկա» ընկերությունը, սակայն խանջյանցիներին մինչև հիմա չեն վճարել: Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանը տեղեկացրեց, որ «Սպայկա» ընկերությունը համագյուղացիներին պարտք է 6 մլն 800 հազար դրամ, որից 5 մլն դրամը ծիրանի արժեքը, իսկ 1 մլն 800 հազար դրամը` դեղձի:
«Սպայկա» ընկերության հետ այգետերերը որևէ փաստաթղթային ձևակերպում չունեն, նրանք աշխատել են վստահության մթնոլորտ ստեղծելով, որը խախտվել է նախորդ տարվանից և գյուղացիները մինչև օրս չեն կարողանում ստանալ իրենց բերքի արժեքը:
Այգետերերը ծիրանի այգիների խնամքի համար մեծ գումարներ են ծախսում, որոնք հիմնականում վարկեր են, այգետերերը չեն կարողանում ծածկել պարտքերը և մյուս ծախսերը:
Այգեգործները շուրջ 4 ժամ հավաքվեցին մայրուղու վրա, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց փակել հանրապետական նշանակության ճանապարհի երթևեկությունը: Նրանց բողոքը լսելու եկավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, զրուցեց և եկան համաձայնության. խնդրի լուծման նպատակով հանդիպել տեղացի գնորդների և վերամշակող ձեռնարկությունների հետ, պայմանավորվածություն ձեռք բերել ծիրանի իրացման համար: Իսկ վրացի գնորդների հետ կապված մարզպետն ասաց, որ բերքի արտահանման խնդիրներլը լուծելի են 2 պետությունների փոխհամաձայնության շնորհիվ:
Ժամը 14- իի սահմաններում գյուղացիները գնացին իրենց այգիները` գնորդներին սպասելու ակնկալիքով։