ԿարևորՀասարակություն

Արմավիրցիները կրկին ճանապարհ են փակում (լրացված)

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

Այսօր առավոտյան Արմավիրի մարզի Հացիկ, Այգեվան, Խանջյան և Մյասնիկյան գյուղերի  ծիրանի այգետերերն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ծիրանի բերքի իրացման հետ կապված՝ փորձելով փակել  Երևան-Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Հացիկ և Խանջյան գյուղերի հատվածը:
Եթե մարզի 46 համայնք մայիսի 12-ին տուժեց հանկարծահաս ուժեղ կարկուտից և այդ գյուղերի բնակիչները զրկված են բերքից, ապա մարզի մյուս համայնքներում  բերքն առատ  է  և  այգետերերն այս անգամ կանգնել են մեկ այլ խնդրի առջև: Կարգավորված չէ ծիրանի  իրացման հարցը:
Ծիրանի այգիներում բարձր բերքատվության պատճառով բերքը միջին չափի է և գնորդները հրաժարվում են  մեծածախ գնով  բերք գնել, եկողներն էլ առաջարկում են ցածր գներ, սակայն  այսօր նրանք էլ  չկան, իսկ   ծիրանը  օդի բարձր ջերմաստիճաով պայմանավորված  շատ արագ հասունանում է ու թափվում` ջուրը լցնելով մշակողի քրտինքը:
Նախկինում  ծիրանը վաճառել են վրացի գործարարաներին, որոնք հիմա չկան, քանի որ ասհամանի վրա Վրաստան ներմուծվող  ապրանքի բեռնափոխադրաման մաքսային տուրքը շատ ավելի  բարձր է և ձեռնտու չէ։
Տեղացի անհատ գնորդները նախապես բանավոր պայմանավորվել են այգետերերի հետ բերքի իրացման հարցում, սակայն այսօր նրանք չկան: Խանջյանցիների խոսքերով՝ այստեղ նույնպես ծանոթ- բարեկամ սկզբունքն է գործում, որպեսզի կարողանան պտուղը վաճառել։
Վերամշակող ձեռնարկություններից ն «Նոյան» բնական հյութեր արտադրող գործարանի Վանանդի մասնաճյուղը երկու օր առաջ սկսել է ծիրանի մթերումը`  1 կգ 50 դրամով: Սա այն դեպքում, երբ գյուղացին է  բերքը հասցնում գործարան, իսկ ընկերությունը այգիներից գնում է 30 դրամով:
Նախորդ տարիներին գյուղացիների բերքը գնել է «Սպայկա» ընկերությունը, սակայն խանջյանցիներին մինչև հիմա չեն վճարել: Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանը  տեղեկացրեց, որ  «Սպայկա» ընկերությունը համագյուղացիներին պարտք է 6 մլն 800 հազար դրամ, որից  5 մլն դրամը ծիրանի արժեքը, իսկ 1 մլն 800 հազար դրամը` դեղձի:
«
Սպայկա» ընկերության հետ այգետերերը որևէ փաստաթղթային ձևակերպում չունեն, նրանք աշխատել են վստահության մթնոլորտ ստեղծելով, որը խախտվել է  նախորդ տարվանից և գյուղացիները մինչև օրս  չեն կարողանում  ստանալ  իրենց բերքի արժեքը:
Այգետերերը  ծիրանի այգիների խնամքի համար մեծ գումարներ են ծախսում, որոնք  հիմնականում վարկեր են, այգետերերը չեն կարողանում ծածկել պարտքերը և մյուս ծախսերը:
Այգեգործները շուրջ 4 ժամ հավաքվեցին մայրուղու վրա, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց փակել հանրապետական նշանակության ճանապարհի երթևեկությունը: Նրանց բողոքը լսելու եկավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, զրուցեց և եկան համաձայնության.  խնդրի լուծման նպատակով  հանդիպել տեղացի գնորդների  և վերամշակող ձեռնարկությունների հետ, պայմանավորվածություն ձեռք բերել  ծիրանի իրացման համար: Իսկ վրացի գնորդների հետ կապված մարզպետն ասաց, որ բերքի արտահանման խնդիրներլը լուծելի են 2 պետությունների փոխհամաձայնության շնորհիվ:
Ժամը 14- իի սահմաններում գյուղացիները գնացին իրենց այգիները`  գնորդներին սպասելու ակնկալիքով։

Ցուցադրել ավելի
Back to top button