ԿարևորՔաղաքական

«France 24»-ին տված Կարեն Միրզոյանի հարցազրույցը «Հայազնը» անընդունելի է գնահատել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Հայազն» կուսակացության վարչությունը հայտարարություն է տարածել, որի առիթը «France 24» հեռուստաընկերությանը ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի վերջերս տված հարցազրույցն է: Արտգործնախարարի արտահայտություններից մի քանիսն անընդունելի գնահատելով` կուսակցությունը հարկ է համարել իր վրդովմունքն ու անհամաձայնությունը ձևակերպել հայտարարության տեսքով: Կուսակացության ներկայացուչներին չեն համոզել նաև այն մեկնաբանությունները, որոնք հարցազրույցից հետո տվել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները: Հիշեցնենք, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հարցազրույցում տեղ գտած և քննադատության առիթ դարձած արտահայտությունները թյուրիմացության արդյունք էր համարել՝ դա պայմանավորելով արտգործնախարարի լարվածությամբ և անգլերենի իմացության հետ կապված խնդիրներով: Հայազնի ներկայացուցիչներն այսօր մեկնաբանել են իրենց դիրքորոշումը:

Որևէ հայ պաշտոնյա իրավունք չունի անգամ քննարկելու Արցախն Ադրբեջանին հանձնելու որևէ հեռանկար, առավել ևս այդ հեռանկարը պայմանավորել Ադրբեջանում ժողովրդավարության ու հանդուրժողականության հաստատմամբ: Որևէ հայ պաշտոնյա իրավունք չունի հայրենի հողի որևէ հատված «բուֆեր», «անվտանգության գոտի» կամ «օկուպացված շրջան» կոչել: Այսպես է ձևակերպել իր անհամաձայնությունն ու վրդովմունքը «Հայազն» կուսակցության վարչությունը տարածած հայտարարության մեջ, որի առիթը ֆրանսիական հեռուստանընկերություններից մեկին ԼՂՀ արտգործնախարարի վերջերս տված հարցազրույցն է, ավելի ստույգ՝ դրանում տեղ գտած արտահայտություններից մի քանիսը:

Հունիսի 13-ին, հիշեցնեմ, «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ի պատասխան լրագրողի հարցի, թե կա արդյոք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում կրկին տեսնելու հեռանկար, Կարեն Միրզոյանը հաստատական պատասխան էր տվել՝ խոսքի շարունակության մեջ անդրադառանլով Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական քաղաքականությանը: «Հայազն» կուսակցության ներկայացուցիչներից Արմեն Հովհաննսիյան.«Մենք անթույլատրելի ենք համարում Արցախի կարգավիճակն ու պատերազմի արդյուքներն այս կամ այն կերպ Ադրբեջանի ներքին կարգի հետ կապելը»:

Հարցազրույցից հետո ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը հանդես եկավ պարզաբանմամբ՝ հարցազրույցի այս հատվածը համարելով թյուրիմացության արդյունք: Նա բացառել էր նախարարի նման դիրքորոշումը՝ նշելով, որ թյուրիմացության պատճառը Կարեն Միրզոյանի գերլարվածությունն ու անգլերենի իմացության հետ կապված խնդիրներն էին: Այս պարզաբանմանը Հայազնի ներկայացուցիչներն այդքան էլ չեն հավատում, նշում են, որ իրենց բողոքը ոչ թե Կարեն Միրզոյանի, այլ այն քաղաքականության դեմ է ուղղված, որը վարում են Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հարցում:

«Մենք Կարեն Միրզոյանին քավության նոխազ չենք դարձնում, չենք ասում, թե նա վատ դիվանագետ է: Գուցե լավ դիվանագետ է ու մեծ հայրենասեր: Մենք ասում ենք, որ իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում, որը պրակտիկ առումով նույնպես սխալ է իրագործվում»:

Հայազնը համոզված է, որ Արցախյան հիմահարցը ոչ թե միջազգային, այլ իրենց հայկական լուծում է պահանջում: Այս կոնտեքստում Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու հեռանկարը չի կարող ուրախացնող համարվել:

«ԼՂ բանակցային գործընթացի բոլոր տարիներին պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը համաձայնվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած կարգավորման հիմնարար սկզբունքներին և դրանց հիման վրա մշակված տարբերակներին: Կարեն Միրզոյանի խոսքերը նույնպես ուղղակիորեն բխում են, այսպես կոչված, ներկայիս` Մադրիդյան սկզբունքներից, որոնք հայ հանրությունը հստակ մերժել է»:

Ցուցադրել ավելի
Back to top button