ԿարևորՀասարակություն

Սանահինի վերակառուցմանը պետբյուջեից կուղղվի 300 մլն դրամ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Սանահինի վանական համալիրի վերականգման խնդիրը վերջերս հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, քննարկվել է կառավարությունում: Անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար գործադրի որոշմամբ հատկացվում են ֆինանսական միջոցներ:

Դեռևս 10-րդ դարում հիմնված Սանահինի վանական համալիրը 1996 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս: Մասնագետների գնահատմամբ, պատմաճարտարապետական այս կոթողը վերակառուցման շտապ կարիք ունի: Ընթացիկ տարվա բյուջեով 22.5 մլն դրամ է հատկացրել համալիրի շինությունների մասնակի վերականգնման և ամրակայաման աշխատանքների համար: Անցնող շաբաթ Սանահին էր այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով առկա խնդրին անդրադարձավ նաև երկու օր անց կայացած կառավարության նիստի ընթացքում:

Թեպետ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը հավաստիացնում է, որ Սանահինին վտանգ չի սպառնում, այնուհանդերձ մասնագետները մտահոգված են դրա պահպանման վիճակով: Այսօր հրավիրված ասուլիսում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշել է, որ մեր ամենաակնառու և լավագույն պատմական հուշարձաններից մեկը զուրկ է եղել ամենօրյա ուշադրությունից, ինչի արդյունքում եկեղեցու գմբեթին ծառեր են աճել:

Սանահինի նկատմամբ անուշադրության օրինակը, ցավոք, եզակի չէ, նկատեց Ճարտարապետների միության նախագահը: Ընդհանուր առմամբ, Սանահինի վերակառուցմանը մոտակա տարիներին պետբյուջեից կուղղվի 300 մլն դրամ: Համալիրի վերականգնումը հրամայական է համարում նաև «Փրկենք Սանահինի եկեղեցին կործանումից» նախաձեռնության անդամ, պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Երեք տարի անց կնշվի Սանահինի վանական համալիրի և համալսարանի հիմնադրման 1050-ամյակը, և այս առումով անհրաժեշտ է պատշաճ վիճակում պահպանել մեր պատմական և հոգևոր ժառանգության այս կառույցը:

Ըստ Մելքոնյանի,  հատուկ ստեղծվելիք հիմնադրամի միջոցով Սանահին կուղղվեն նաև մասնավոր նվիրատվությունները:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button