ԿարևորՀասարակություն

Հրապարակը, բիոզուգարանները, աղբակույտերն ու տուրիզմը. քննարկումները շարունակվում են

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/06/220613qnnarkum.mp3

Հյուսիսային պողոտայի վերաբերյալ քննարկումները եղել են 2 տարի, որին մասնակցել են 11 անվանի ճարտարապետներ, որոնք էլ կազմել են ծրագիրը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը: Ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից, սակայն իրականացնելիս, Իգիթյանի խոսքով, բազմաթիվ աղավաղումներ են եղել: Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանն էլ մեջբերեց դատախազության տվյալները, ըստ որոնց հյուսիսային պողոտայի կառուցման համար ոչնչացվել է 29 հուշարձան շենք, հարուցվել է քրեական գործ, որը հետագայում առկախվել է: Բացի այդ, Դանիելյանի ձևակերպմամբ` կա կառավարության համապատասխան որոշում, ըստ որի հյուսիսային պողոտայի շենքերը չպետք է բարձր լինեն Օպերայի շենքից:

Ավագանու անդամ Լևոն Իգիթյանի խոսքով` բազմաթիվ զբոսաշրջիկներ, ինչպես նաև դրսից եկած բազմաթիվ ճարտարապետներ հիացմունքով են վերաբերվում Հյուսիսիային պողոտային: Անդրադառնալով բիոզուգարաններին` բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանի կարծիքով` թերևս դրանք լավ և աշխարհում կիրառվող երևույթ են, սակայն այն հիմնականում օգտագործվում է քաղաքներից դուրս: Քաղաքում անիմաստ է այն օգտագործել, նշեց Դանիելյանը: Նախկին նախարարը քրքրել է ինտերնետը և չի գտել այնպիսի մի բիոզուգարան, որը կարժենար 1500 դոլարից թանկ: Սակայն այսօր, ելնելով երկրի վիճակից, գումարներն այդ ուղղությամբ ծախսելը Դանիելյանն անիմաստ է համարում, քանի որ այն կարող էր ծախսվել տուրիզմի զարգացման համար:

Երբ մտնում ես Հայաստան, սկսում ես ճանապարհորդել, տեսնում ես հին լքված շինություններ, ամենուրեք աղբակույտեր ու մեքենաների ջարդոններ, իսկ գումարները կարելի էր ծախսել`այս պատկերը վերացնելու համար, նշեց Դանիելյանը: Սակայն Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանն էլ ընդգծեց, որ բիոզուգարաններն անհրաժեշտ են ոչ միայն Երևանին, այլ նաև այն վայրերին, որտեղ կլինեն զբոսաշրջիկների այցեր: Կարինե Դանիելյանն էլ բարձրաձայնեց, որ տուրիզմի զարգացման գործում կարևոր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում մեր հուշարձանների ընդգրկվելը, որի ուղղությամբ բանախոսի ձևակերպմամբ, ոչինչ չի արվում:

«Հուշարձանների կողքը շարում ենք ռեստորան և Նորավանքը այդ պատճառով չմտավ այդ ցուցակի մեջ: Եվ այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք»:

Դանիելյանի հորդորն է` դադարեցնել Երևանի պատմության ոչնչացումը: Մենք միշտ բարձրաձայնում ենք, որ հազարամյակների քաղաք ունենք, սակայն այսօր զբոսաշրջիկին չենք կարողանում ցույց տալ 100 տարվա պատմության շենք: Կամ պղծել ենք, կամ էլ քանդել և վերացրել, ասում է Դանիելյանը: Ավագանու անդամ Լևոն Իգիթյանը համաձայնեց Կարինե Դանիելյանի բոլոր ասածներին և հավելեց, ինչ որ կատարվում է բնական է: Ըստ նրա` հրապարակի հետ մինչ այսօր ինչ կատարվել է, արվել է հրապարակն աղավաղելու համար: Բնական համարեց նաև Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթը, հավելելով, որ փորձ է արվում տեսնելու համար ինչքանով կարելի է փրկել վիճակը, ինչքանով` ոչ: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ հավելեց, մեր հրապարակը մեր ձեռքից գնում է, այստեղ խոսում են փրկելու մասին: Ի՞նչը փրկել` հանճարի գո՞րծը, հռետորական հարց բարձրացրեց Պողոսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button