ԿարևորՀասարակություն

Իսպանացի գրող.«Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր աշխատությունները նռան հատիկնեռրի պես կտարածվեն»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Հայոց տոհմածառ», «Հայկական կտակ», «Սպիտակ լեռ»: Մինչև տարեվերջ իսպանացի գրող Գոնսալո Գուարչի այս աշխատությունները ընթերցողին հասանելի կդառնան նաև հայերեն լեզվով: Վերջին 5 տարիներին աշխատելով այս գրքերի վրա` Գոնսալո Գուարչը գրքերում նկարագրել է հայերի պատմության եղերական էջը` հանգամանքներ, անհատներ և քաղաքական շարժառիթներ: Գրքերից երկուսը հայերեն թարգմանվել ու հրատարակվել են: Գոնսալո Գուարչին Հայաստան է ժամանել ներկայացնելու իր գրքերը և պատմելու թե ինչը դարձավ այս վեպերը գրելու դրդապատճառը: Գոնսալո Գուարչն, ի դեպ, Հայաստանի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Այս օրերին Հայաստանում է իսպանացի գրող Գոնսալո Գուարչը: Օրերս էլ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող Գուարչի եռագրության շնորհանդեսը: Լինելով 30 գրքի հեղինակ՝ նա վերջին մի քանի տարիների ստեղծագործական գործունեությունը նվիրել է Հայոց ցեղասպանությանը: Եռագրության յուրաքանչյուր պատմություն հիմնված է իրական փաստերի վրա, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատեց իսպանացի գրողը:

Ինձ ոգևորել է ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի գրած գիրքը ցեղասպանության մասին: Այն կարդալուց ես ցանկացա շատ ավելի խորը ուսումնասիրել այդ պատմությունը և հետագայում նաև անձամբ գրել դրա մասին:

Գոնսալո Գուարչ

 

Հայոց պատմության այս էջն ուսումնասիրելուց հետո եկել է այն եզրակացության, որ Հայոց Ցեղասպանությունը պետք է ստանա միջազգային ճանաչում և նշելով, որ Իսպանիան դեռևս չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, Գոնսալո Գուարչն ընդգծեց, որ իր գրքերի նպատակն էլ հենց դա է։ Կարդալով և ծանոթանալով հայոց պատմության այս էջին` Ֆրանսիայի օրինակին պետք է հետևեն նաև Իսպանիան և Միացյալ Նահանգները: Դա է պատճառը, որ նա ուզում իր եռագրությունը թարգմանվի որքան հնարավոր է շատ լեզուներով: Այժմ իսպաներենից բացի թարգմանվել է ռուսերենով ու մինչև տարևերջ նախատեսվում է ավարտին հասցնել նաև 3-րդ գրքի հայերեն թարգմանությունը։

Գոնսալո Գուարչը հույս հայտնեց, որ մինչև ցեղասպանության 100-ամյա տարելիցը գիրքը կներկայացվի նաև ֆրանսերենով: Մեր հարցին, թե որքանո՞վ են իսպանացիները ծանոթ Հայոց Ցեղասպանությանը, արդյո՞ք կարդացել են աշխատությունը և եթե այո, ապա ի՞նչ արձագանքներ կան, Գոնսալո Գուարչը պատասխանեց. «Իսպանացիները պատմություն առանձնապես չեն ուսումնասիրում, առավել ևս՝ Հայոց ցեղասպանությունը: Այս գրքերով ես նպատակ ունեմ նրանց ուշաադրությունը գրավել պատմության այս դրվագի վրա, ինչու չէ՝ նաև սրանով ազդել Իսպանիայի կառավարության դիրքորոշման վրա: Չափազանց կարևոր է, որ աշխարհն իմանա հայերի հետ կատարվածի ոճրագործության մասին: Ի վերջո՝ այս գիրքը շատ նման է նռանը: Ինչպես որ նռան բացվելուց հետո հատիկները տարածվում են, այնպես էլ այս գիրքը բացվելուց հետո, վստահ եմ, որ նռան հատիկների պես կտարածվի»:

Իր եռագրությունը նռան հետ նման կերպով համեմատելուց հետո հետաքրքրվեցինք, արդյոք Հայաստանում եղած ժամանակ նա համտեսել է հայկական նուռը. Գոնսալո Գուարչը ժպիտով պատասխանեց՝ համտեսել է և շատ հավանել:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button