ԿարևորՔաղաքական

Հայաստանն ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

 Օդեսայում այսօր տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչև դեկտեմբերի 31-ը, ստանձնեց կազմակերպության նախագահությունը։ 

Նախարարական հանդիպմանն իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխում է իր գործունեության 22-րդ տարին` տնտեսական համագործակցության նոր օրակարգով:

Նախարար Նալբանդյանն արձանագրեց, որ Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու և տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ  հայկական նախագծի երկրորդ փուլը: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու ուղղությամբ:

ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության ընթացքում Երևանում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում` «DigiTec 2013» ամենամյա ցուցահանդեսին զուգահեռ:

Անդրադառնալով ՍԾՏՀ արդյունավետության բարձրացման հարցին՝ Հայաստանի արտգործնախարարը առանձնացրեց ՍԾՏՀ շրջանակներում ընդունված փաստաթղթերի դրույթների պատշաճ կատարումը, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման անհրաժեշտությունը:

Նախարարը կարևորեց միջազգային կազմակերպությունների, ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների և բնագավառային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, կազմակերպության քարտուղարության բարեփոխումների  և հավասար ներկայացվածության սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք որոշումներ:

Ստանձնելով ՍԾՏՀ նախագահությունը՝ նախարարը Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ հավելյալ ջանքերի ներդրումը, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումը և միջազգային բեմահարթակում նրա հեղինակության ամրապնդումը։

Ցուցադրել ավելի
Back to top button