ԿարևորՔաղաքական

Ինչու է Ռուսաստանը զինում մեր թշնամուն. քաղաքագետն ու քաղաքական գործիչը՝ խնդրի մասին

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Մեր ռազմավարական դաշնակիցը մեր դեմ գործողություններ է կատարում` զինում է փաստացի պատերազմի մեջ գտնվող մեր թշնամում, ինչը դատապարտելի է` այս համոզմունքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը` անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին: Ըստ նրա` Հայաստանը պաշտոնապես հստակ պիտի հայտարարի իր դիրքորոշումը, որ երեւույթն ընդունելի չէ:

Խնդրին անդրադառնալով` ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը կարծիք է հայտնել, որ կատարվածն էական փոփոխություն չի մտցնի տարածաշրջանում: Սակայն, ըստ նրա, դա Ռուսաստանի դերակատարությունն էլ առավել ակտիվացնելու եւ էլ ավելի կարեւորելու քայլեր են: Միաժամանակ` Խոսրով Հարությունյանը տարօրինակ է համարել, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է մատակարարում մեր թշնամուն:

Ռուսաստանը Ադրբեջանին առաջին անգամ չէ, որ զենք է վաճառում, սակայն, ըստ նախկին դեսպան Արա Պապյանի, այս անգամ նախ ծավալի, ապա` հարձակվողական բնույթի զենքերի առումով, կա վստանգավորություն: Արա Պապյանը համաձայն չէ այն մեկնաբանությունների հետ, թե Ռուսաստանը պատժում է Հայաստանին` Եվրասիական միությանը չմիանալու համար: Դա կլինի տակտիկական սխալ Ռուսաստանի կողմից, բացի այդ` նման դեպքում ինչ դաշնակցային հարաբերությունների մասին է խոսքը:

Ռուսական քաղաքական մտքի մեջ նման մոտեցման առկայություն տեսնում է նաեւ Խոսրով Հարությունյանը: Արա Պապյանն ասաց, թե իր համար զարմանալի է Հայաստանի քաղաքական մտքի արձագանքը տվյալ փաստին:

«Ամեն կերպ փորձում են արդարացնել ռուսներին: Դա ձեր գործը չէ, թող իրենք արդարանան, թող իրենք հիմնավորեն»:
ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը նույնպես այն կարծիքին է, որ խնդրի մասին նախեւառաջ պետք է Ռուսաստանը մտածի:
Արա Պապյանի խոսքով` խնդիրն այն չէ, որ հավասարակշռությունը կարող է խախտվել: Ինքը վստահ է, որ հավասարակշռությունը չի խախտվի, սակայն, խնդիրը, ռազմականից զատ, նաեւ ունի քաղաքական եւ անգամ բարոյական բաղադրիչ:

«Հայաստանը միանշանակ պիտի դատապարտի եւ բողոքի պաշտոնապես»:
Մեր պատմությունը դառը փորձ ունի եւ դա պիտի հաշվի առնել` ասաց նախկին դեսպանը: Նրա խոսքով` Հայաստանը պիտի ստեղծի իր քաղաքական եւ տնտեսական այլընտրանքները, որպեսզի Ռուսաստանը հասկանա ու գնահատի Հայաստանին: Խոսրով Հարությունյանը նույնպես նման տեսակետ հայտնեց:

Արա Պապյանի խոսքով` կատարվածը նաեւ չի կարող մեծացնել պատերազմի վերսկսման վտանգը, քանի որ, գոնե Արեւմուտքում կա քաղաքական հստակ դիրքորոշում, որ պատերազմը ձեռնտու չէ եւ միայն «Բրիթիշ փետրոլյում»-ի շահերը դրա համար բավարար են:

Ցուցադրել ավելի
Back to top button