ԵՄ նախագահը կոչ է անում էլ ավելի չսրել իրավիճակը ղարաբաղյան տարածաշրջանում


Եվրամիությունը կարծում է, որ Հարավային Կովկասում չի կարող խաղաղություն հաստատվել առանց ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման։ ԵՄ- ն ինչպես նախկինում, այժմ նույնպես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, այսօր հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
Համաձայն Եվրամիության կայքում զետեղված հաղորդագրության՝ Ռոմպեյը սատարել է նաև «Մեծ ութի» գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը:
Եվրամիության նախագահը հիշեցրել է, որ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները կոչ են արել հակամարտող երկրների ղեկավարներին հավատարիմ մնալ Հելսինինկյան սկզբունեներին, մանավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին:
Հերման Վան Ռոմպեյը կոչ է արել հակամարտող կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հռետորաբանությունից, որը կարող է լարել իրավիճակը տարածաշրջանում և հանգեցնի հակամարտության էլ ավելի սրմանը։