ԿարևորՏնտեսական

Գյուղնախարար.«Արտահանման հետ կապված ընդհանրապես խնդիրներ չկան»

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է գյուղմթերքի խոշոր մթերող «Սպայկա» ընկերություն, որտեղ մայիսին տեղի ունեցած հրդեհից հետո մեծ թափով վերազինման աշխատանքներ են ընթանում: Ընկերությունն այս ընթացքում չի ընդհատել նաեւ մթերումները` չնվազեցնելով նաեւ մթերվող ապրանքի գինը: Լրագրողների հետ կարճատեւ զրույցում նախարարն ասել է, որ ընկերության վերազինումն այս տարվա սեպտեմբերին կավարտվի, և դա չի խանգարի ծիրանի մթերմանը. դրա հետ կապված խնդիրները լուծված են։ Նախարարին նաև հարց է ուղղվել` ինչով է պայմանավորված հատուկ վերաբ երմունքը «Սպայկա»-ի հանդեպ:

Թեեւ կարկուտն էականորեն վնասել է Արմավիրի մարզի մի քանի տասնյակ համայնքների ծիրանի բերքը, սակայն, մասնավորապես, Արարատի մարզում ծիրանի բերքն առատ է, ու գյուղացիները նախորդ տարիների նման բանակցությունների մեջ են մթերողների հետ` ակնկալելով բերքի դիմաց փոքր-ինչ ավելին ստանալ: Ներկայում ծիրանը մթերվում է 400-500 դրամով: Արդեն 4500 տոննա մթերվել է հիմնականում Արարատի մարզից: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահ է, որ այդ գնից գյուղացիները գոհ են։ Այժմ մթերվող ծիրանն այժմ սեղանների համար է, դեռ վերամշակման չի գնում: Մի քանի օրից կսկսվի վերամշակման ու պահածոյացման գործընթացը, երբ գներն էլ բավական կիջնեն: Նախարարն այն դիտարկմանն է, որ կոնկրետ ծիրանի գները նախորդ տարվա գներից էականորեն չեն տաբերվի: Սակայն ակնկալիք կա գերազանցել նախորդ տարվա ցուցանիշերն ինչպես ծիրանի մթերման, այնպես էլ արտահանման առումով, հատկապես, որ ծիրանի մթերմանը դեռ մեկ ու կես ամիս էլ կա:

«Արտահանման հետ կապված ընդհանրապես խնդիրներ չկան»։
Գյուղացիների հիմնական մտահոգություններից մեկն էլ մթերվող ծիրանի դիմաց վճարումների ուշացումն է: Նախարարն այս առումով վստահեցրեց` իրենք թեև կողքից, սակայն մշտապես հետեւում են գյուղացի-մթերող գործարքներին:

Նախարարությունը միջամտել է նաեւ այն ժամանակ, երբ ծիրանի անհատ մթերողները գյուղացիներից միրգը գնել են արկղերով` վճարելով 10 կգ-ի դիմաց` անկախ նրանից, թե իրականում որքան է կշռել արկղը:
Հարցին, թե արդյոք նախարարության կողմից որևէ առանձնահատուկ վերաբերմունք կա հենց «Սպայկա» ընկերության նկատմամբ, նախարարը պատասխանեց, թե պարզապես «Սպայկա»-ն այս ոլորտի ամենախոշոր արտահանող ընկերությունն է, և դրա չաշխատելը լուրջ խնդիրներ կառաջացնի:
«Ինձ չի հետաքրքրում, թե ընկերությունն ում սեփականությունն է: Ինձ հետաքրքրում է, որ այն աշխատի»:
Այլ հարցեր տալու հնարավորություն լրագրողներին չընձեռվեց:

Ցուցադրել ավելի
Back to top button