ԿարևորՀասարակություն

Այսօր նշվում է բժիշկների մասնագիտական տոնը. շնորհավորական ուղերձ է հղել ԱՆ Դերենիկ Դումանյանը

Այսօր մասնագիտական տոնի առթիվ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայ բուժաշխատողներին, մաղթել նրանց ամուր առողջություն, երջանկություն ու միայն խաղաղ պայմաններում աշխատանք։

«Սիրելի բուժաշխատողներ,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական մեր տոնի` բուժաշխատողների օրվա կապակցությամբ։ Բոլոր տոները ստեղծվել են բարի այն ցանկությամբ, որ մի պահ վեր կանգնենք միօրինակ աշխատանքային ռիթմից և փորձենք մեր գործունեությանն ու կյանքին այլ հայացքով նայել։ Ավելի ճիշտ` ի մի բերել, գնահատել ձեռքբերումներն ու բացթողումները, նոր, ավելի համարձակ ծրագրեր մշակել:

Յուրաքանչյուր տոն նաև գեղեցիկ առիթ է միմյանց սրտաբուխ, անկեղծ խոսքեր ասելու։ Ես շնորհավորում եմ մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ովքեր բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով են կատարում աստվածահաճո իրենց առաքելությունը։

Ուրախությամբ ուզում եմ նշել, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք ձեզ հետ միասին կարողանում ենք բարեփոխումների ծրագրերն իրականացնել, ինչպես նաև առանձին ոլորտներում լուրջ հաջողություններ արձանագրել։
Բժիշկը եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունը սկսելուց առաջ երդվում է։ Դրանով նաև պարտավորվում է առաջնորդվել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև մարդասիրությամբ ու գթասրտությամբ, երբեք չմոռանալ, որ գործ ունի մարդու համար ամենաթանկ գնահատվող առողջության ու նրա կյանքի հետ։

Թույլ տվեք մեր տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս սրտանց շնորհավորել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախում և Սփյուռքում աշխատող մեր հայրենակից գործընկերներին։ Առանձնահատուկ ուզում եմ հիշել ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության մասին։ Կրկնակի պատասխանատվություն ստանձնած մեր այս մասնագետներն իրենց բժշկական խալաթով և սպայի համազգեստով հույս ու պաշտպանվածություն են խորհրդանշում։
Բոլորիդ առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն, իհարկե նաև երջանկություն ու միայն խաղաղ պայմաններում աշխատանք»:

Ձեր բարեկամ՝
Դերենիկ Դումանյան
առողջապահության նախարար

Ցուցադրել ավելի
Back to top button