ԿարևորՀասարակություն

Ազատամարտիկներ.«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքում պետք է փոփոխություն կատարել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հունիսի 17-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովն առաջին ու երկրորդ ընթերցումներով ընդունեց պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Թվում է՝ այն պետք է մեղմեր այն դժգոհությունը, որ կա ազատամարտի մասնակիցների շրջանում: Օրինագծով սոցիալական խնդիրների լուծում թեև չի նախատեսվում, բայց ամրագրվում է երկրապահ կամավորականի կարգավիճակը, ինչն, ըստ հեղինակների, իրավական հիմքեր է ստեղծում սոցիալական խնդիրների լուծման համար:

Պարզվում է՝ օրենքի ընդունումն ազատամարտի մասնակիցների մի մասին այնքան էլ չի գոհացնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության ղեկավար Գրիշա Սարգսյանն ասել է, որ օրենքն ազատամարտիկի հետ կապ չունի և այն միայն ԵԿՄ անդամների կարգավիճակն է ամրագրում:

Այն, որ նոր ընդունված օրենքով ամրգրվում է ոչ թե ազատամարտի մասնակցի, այլ երկրապահ կամավորականի կարգավիճակը, սկզբունքային է այն ազատամարտիկների համար, ովքեր ԵԿՄ-ին չեն անդամակցում: Նրանցից մեկը «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպությունն է, որի նախագահ Գրիշա Սարգսյանը համոզված է ՝ երկրապահը շատ ավելի նեղ հասկացություն է, քան ազատամարտի մասնակիցը: Օրենքը պետք է ազատամարտիկների մասին լիներ, նրանց հետ սակայն կապ չունի:

«Այս օրենքը ազատամարտիկի հետ կապ չունի, սա օրենք է երկրապահների մասին: Փառք ու պատիվ գեներալ Մանվել Գրիգորյանին, որ կարողացավ իր թիմի, իր ղեկավարած կազմակերպության անդամների մասին օրենք ընդունել, ու այդ կազմակերպության անդամներին պետական կարգավիճակ տալ»:

Օրենքում ձևակերպումներ կան, որոնք hասարակական կազմակերպության նախագահի համար ընդունելի չեն: Մասնավորապես երկրորդ հոդվածով ամրագրվում է, որ երկրապահ կամավորական են համարվում այն անձինք, ովքեր 1989-1994 թվականների ընթացքում ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տեւողությամբ, մասնակցել են Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին՝ ներգրավված լինելով սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատներում.
«Ես խնդրում եմ բացատրեք. 1989 թ. , մինչև 92-ին բանակ ստեղծելը, ինչ սահմանված կարգ ուներ կամավորական ջոկատների համար»:

Մեկ ուրիշ անհամձայնություն ևս. Օրենքի հեղինակները, հիմնավորման մեջ նշվում են. համաձայն ՊՆ արխիվի, Հայաստանի ու Լեռնային Ղրաբաղի ազգային արխիվների եւ ԵԿՄ-ի տրված տեղեկանքների՝ հաշվառվում են 2145 կամավորականներ, որոնք մասնակցել են մարտական գործողություններին եւ Արցախի ազատագրմանը, բայց որևէ կարգավիճակ չունեն: Գրիշա Սարգսյանը համաձայն չէ նաև այս ձևակերպմանը:

«ԵԿՄ-ն ստեղծվել է 1991թ-ին, բանակն էլ  հիմնադրվել է 1992թ-ին, իսկ պատերազմը սկսվել էր 1989թ-ին: Այդ արխիվները որտեղից պետք է լինեն, եթե այդ կառույցները գոյություն չեն ունեցել»:

Գրիշա Սարգսյանն ասում է, որ իրենց կազմակերպությունը դեռ 2006-ին նախագիծ էր առաջարկել պատերազմի մասնակիցների մասին, այն սակայն ուշադրության չի արժանացել, իսկ նորը, ըստ նրա, ընդունվել է կայծակնային արագությամբ: Երրորդ ընթերցմամբ նախագիծը դեռ չի ընդունվել: Կազմակերպությունն առաջարկում է հեղինակներին այս ընթացքում հաշվի առնել իրենց առաջարկները:

«Ես կոչ եմ անում հանրապետության նախագահին, ԱԺ նախագահին, բոլոր պատգամավորներին մինչև երրորդ ընթերցում շտկել բացթողումները, և ամենակրևորը, երկրապահ բառը փոխարինել ազատամարտիկ բառով: Այդ դեպքում օրենքը կբխի բոլորի շահերից, իսկ այժմ 40-ից ավելի հրամանատարներ դեմ են օրենքին և չեն ցանակնում դրանով ուղղորդվել»:

Ցուցադրել ավելի
Back to top button