Հասարակություն

Հանրապետության կարուսելներն ընդհանուր առմամբ անվտանգ են

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հանրապետությունում շահագործվող կարուսելները կարելի է ասել անվտանգ են, ասում է արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը։

Եղանակներն արդեն տաքացել են, եւ Հայաստանում գրանցված 126 ատրակցիոնները դարձել են ժամանցի եւ զվարճանքի հիմնական վայրերը: Այսօրվա դրությամբ, սակայն, տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցել է 126-ից 63-ը, այսինքն` ուղիղ կեսը:
Լուսինե Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ մյուսների փորձաքննությունն ընթացքի մեջ է եւ հիշեցնում` բոլոր ատրակցիոնները տարին մեկ անգամ պետք է պարտադիր փորձաքննություն անցնեն։

Դրանք համայնքապետարանների վերահսկողությանն են տրված, սակայն քանի որ իրենց կառուցվածքով բավականին պարզունակ են, ուստի սեզոնից առաջ ենթարկվում են պարզապես հակակոռոզիոն ստուգման և ակտավորվում են:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի հիմնական զբոսակգիների կարուսելներին, ապա այս առումով հաճախ մտահոգում է այդտեղ շահագործվող կարուսելների մի քանի տասնամյակների հասնող տարիքը: Մասնագետները բացատրում են, որ տարիքն այնքան կարեւոր չէ, որքան այն, որ, ինչպես ասում են, մետաղը հոգնած չլինի: «Հաղթանակ» զբոսայգում, օրինակ, 37 տարվա արտադրության ատրակցիոն կա` «Սատանի անիվ»-ն է, համեմատաբար նոր են Մանկական երկաթուղու ատրակցիոնները, կան նաև եվրոպական արտադրությանները: Ավելի լուրջ է մարզային կարուսելների վիճակը: Սյունիքում, օրինակ, 6 ատրակցիոն արդեն ստացել է շահագործման բացասական եզրակացություն: Կախված ատրակցիոնների բնույթից՝ փորձաքննության արժեքը կարող է տատանվել: Պրիմիտիվ ատրակցիոնների փորձաքննությունն, օրինակ, արժե տասը հազար դրամ»,- ասում է Լուսինե Հովհաննիսյանը։

Վերելակների փորձաքննությունը ևս պետք է իրականացվի տարին առնվազն մեկ անգամ: Երևանի բնակելի շենքերում կա 4141 վերելակ, վարչական շենքերում՝ 1864: Փորձաքննության եզրակացություն 4141-ից ստացել են 1034-ը, դրանցից 35-ի շահագործումը դադարեցվել է:
Փաստորեն` այսօրվա դրությամբ դեռ շուրջ 3000 վերելակ փորձաքննություն չի անցել: Հովհաննիսյանը պարզաբանեց, որ փորձագետներն ունեն իրենց զբաղվածության գրաֆիկը, և ըստ այդմ անցկացնում են փորձաքննություն: Իսկ փորձագետը, որը սխալ եզրակացություն է տալիս, կրում է նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով տուգանք և ենթարկվում ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:
Լուսինե Հովհաննիսյանը նաև հավելեց`  պատասխանատվությունը տվյալ պահին վերելակը շահագործող անձի վրա է ու եթե շահագործող անձը, չգիտակցելով ռիսկերն ու լրջությունը, շահագործում է վերելակը, դա արդեն իրենց պատասխանատվությունն է: 

Back to top button