ԿարևորՀասարակությունՏեսանյութ

Հայաստանը բարելավել է իր դիրքերը թրաֆիքինգի դեմ պայքար ծավալող երկրների շարքում

Հունիսի 19-ին պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակել է Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013թ. ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանի դիրքերը բարելավվել են և դասակարգման 2-րդ խմբից Հայաստանը բարձրացել է 1-ին խումբ: ՀՀ կառավարության արդյունավետ ջանքերի շնորհիվ, որոնք համակարգվում են փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ղեկավարության ներքո գործող խորհրդի կողմից, Հայաստանը կարողացավ տեղ գտնել 1-ին խմբի երկրների շարքում, ինչը նշանակում է, որ Հայաստանն համարվում է մարդկանց թրաֆիքինգի՝ այս միջազգային չարիքի դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկն աշխարհում: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն անդրադարձ է կատարել այս փաստին իր տեսաուղերձում, որը ներկայացված է դեսպանատան կայքում և ֆեյսբուքյան էջում:

Մարդկանց թրաֆիքինգի մասին պետքարտուղարության զեկույցն այն հիմնական դիվանագիտական գործիքն է, որով Միացյալ Նահանգների կառավարությունը ներգրավում է օտարերկրյա պետություններին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում: Զեկույցը ներկայացնում է նորովի ու համընդհանուր վերլուծություն մարդկանց թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին ողջ աշխարհում և պետությունների կողմից ձեռնարկվող գործողությունների լայն շրջանակը, որն ուղղված է խնդրի վերացմանն ու դրա դեմ պայքարին: Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի միջոցով ԱՄՆ կառավարությունը երկխոսություն է ծավալում տարբեր պետությունների հետ հակաթրաֆիքինգային բարեփոխումների իրականացման, թրաֆիքինգի դեմ պայքարի, ինչպես նաև կանխարգելման, պաշտպանության և քրեական կարգով հետապնդման ծրագրերին ռեսուրսներ ուղղելու վերաբերյալ:

Այս զեկույցն օգտագործվում է միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կառավարությունների և հասարակական կազմակերպությունների կողմից որպես մի գործիք, որ թույլ է տալիս վերհանել այն ոլորտները, որտեղ ռեսուրսներ ուղղելու անհրաժեշտություն կա: Այս զեկույցի և Միացյալ Նահանգների հակաթրաֆիքինգային քաղաքականության անմիջական նպատակն է զոհերին ազատելը, թրաֆիքինգը կանխարգելելը և թրաֆիքինգ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելը:

Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում պետքարտուղարությունը իրականացնում է երկրների դասակարգում երեք խմբերում՝ դիտարկելով տվյալ պետության ջանքերը «թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտների» ապահովման մասով: Արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստանի կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության, ինչպես նաև դրա իրականացման ուղղությամբ: Մարդկանց թրաֆիքինգի հարցերով նախարարական խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և միջգերատեսչական աշխատանքային խմբի անմիջական օժանդակությամբ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է իր սերտ ու ամուր աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, ԶԼՄ-ների և տարածաշրջանային գործընկերների հետ: 2012թ. ընթացքում արձանագրվել է թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդումների ավելացում, ընդ որում մեղավորների նկատմամբ կիրառվել են խիստ պատժամիջոցներ և չեն կայացվել պայմանական ազատազրկման վճիռներ:

Թեպետ առաջին խումբը ամենաբարձր վարկանիշն է, սակայն դա չի նշանակում, որ երկրում թրաֆիքինգի խնդիր գոյություն չունի: Ընդհակառակը, սա ցույց է տալիս, որ տվյալ պետությունն ընդունում է, որ խնդիրը կա, նշանակալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ և բավարարում է որոշակի ստանդարտների: Ամեն տարի պետությունները պետք է կարողանան ի ցույց դնել որոշակի առաջընթաց թրաֆիքինգի դեմ պայքարի ասպարեզում, որպեսզի պահպանեն դասակարգման սանդղակում իրենց առաջատար դիրքը: Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքները երբեք ոչ մի երկրում չի կարելի ավարտված համարել:

Ցուցադրել ավելի
Back to top button