ԿարևորՄշակույթ

Կոմիտասյան զորակոչ՝ ընդդեմ թուրքական մուղամի

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Komitasfamily.com. նախագծի հեղինակ, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը պատմում է, որ կայքում կլինի ամեն ինչ Կոմիտասի մասին. նրա կենսագրությունը, երգերը։

Կոմիտասը գրանցել է 3000 երգ, որոնցից պահպանվել են 1500-ը: Դրանցից մինչ օրս հնչել ու կատարվել են ընդամենը 300-ը:
Արթուր Շահնազարյանն այսօր դարձյալ հիշեց Կոմիտասի տետրի   ցավոտ պատմությունը: Ամիսներ առաջ այն հասել էր Հայաստան, բայց չգտնվեց մեկը, ով կոմիտասյան ձեռագրի  համար կվճարեր այնքան գումար, որքան մեր մեծահարուստները սիրով  վճարում են ռաբիզ մեկ երգի համար։
Արվեստագետի խոսքով՝ komitasfamily.com կայքը հնարավորություն է տալիս մեր ազգային հանճարի ստեղծագուրծությունը  փայփայել ու տարածել  առանց ձեռքը մեծահարուստներին պարզելու: Նրա համոզմամբ՝ Կոմիտասը ժողովրդինն է, ու ժողովրդինն է նաև այդ առաքելությունը:
Կ
ոմիտասի երգերը տիեզերական  ելևէջներից կազմված երգեր են, որոնք  բնական և ոչ թե արհեստական բջիջ են կրում: Այդ երգերի կառուցվածքում տիեզերական օրենքն է իշխում, որը փոխանցվել է հազարամյակներով:
Արթուր Շահնազարյանի մեկնաբանմամբ՝ երաժշտությունը ձայնային ալիք է,  որը ներթափանցելով մեր ականջներից ներս փոփոխություններ է անում բջջի կառուցվածքում: Այն բուժիչ ներգործություն է ունենում հատկապես  այն ազգի ներկայացուցիչների վրա, որոնց ֆիզիկական կառուցվածքը համապատասխանում է  տվյալ երաժշտական ալիքին:
«Մենք ունենք ֆիզիկական  հայրենիք ու հոգևոր հայրենիք: Եթե առաջինը հայ զինվորի շնորհիվ այսօր լավ պաշտպանված է, ապա հոգևոր հայրենիքի սահմանն անպաշտպան է: Թշնամին  ներխուժել է այնտեղ ու գրավել բավականին տարածքներ։ Սենք ընդունում ենք այդ պատերազմն ու հայտարարում կոմիտասյան զորակոչ»,- ասում է Շահնազարյանը:
Նրա համոզմամբ՝  նոր  կայքը կդառնա յուրատեսակ համայնք, որտեղ յուրաքանչյուրս կճանաչենք միմյանց ու միմյանց մեջ կճանաչենք նաև մեր տեսակը։ 

 

Back to top button