ԿարևորՀասարակություն

Դիմորդների թիվը նվազել է. փաստում են բուհերի ներկայացուցիչները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ընդունելության քննությունների, բուհերում առավել պահանջված և թափուր տեղեր ունեցող մասնագիտությունների թեմայով այսօր խոսել են ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը, Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանն ու Երևանի պետական Բժշկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոստանտին Մանուկյանը: Բուհերի ներկայացուցիչները նկատել են, որ նախորդ տարիների համեմատ դիմորդների թիվը զգալի նվազել է, միայն բժշկական համալսարանում է, որ դիմորդների թվի զգալի փոփոխություն վերջին 10 տարվա ընթացքում չի եղել, ասել է Կոստանտին Մանուկյանը:

Բուհերում դիմորդների թիվը տարեց տարի նվազում է և այդ տենդենցը բնականաբար իր ազդեցությունն է ունեցել նաև Մայր բուհի վրա: Հունիսի 1-ին ավարտվեց դիմում հայտերի ընդունման առաջին հիմնական փուլը և ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը` անցյալ տարվա 16870 -ի փոխարեն Հանրապետության պետական և ոչ պետական բուհերն այս տարի ունեցել են 12747 դիմորդ: Կոնկրետ ԵՊՀ-ն անցյալ տարվա 5410 դիմորդից այս տարի առաջին փուլով ունեցել է 3971 դիմորդ, ասաց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը: Անդրադառնալով վճարովի և անվճար տեղերին` նա նշեց, որ համալսարանն ունի 2870 վճարովի և 338 անվճար տեղ:

Թափուր տեղեր կան նաև Խորենացու անվան համալսարանում: Սակայն ինչպես Վաչագան Գալստյանը, այնպես էլ Խորենացու անվան համալսարանի ռեկտորը հույս ունի, որ այդ բացը կլրացվի 2-րդ փուլով:
Նշենք, որ Խորենացու անվան համալսարանն այս տարի ունի ընդունելության 175 տեղ, որի համար առաջին փուլով դիմել են 55 հոգի: Ի տարբերություն Երևանի Պետական և Խորենացու անվան համալսարանների` դիմորդների թվի էական փոփոխություն առնվազն վերջին 10 տարիների ընթացքում չի ունեցել Երևան Պետական բժշկական համալսարանը: Համալսարանն անցյալ տարի 2 փուլերի արդյունքում ունեցել է 1125 դիմորդ: Բժշկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոստանտին Մանուկյանի տեղեկացմամբ` այս տարի առաջին փուլով բուհն արդեն իսկ ունի 1031 դիմորդ: Սակայն դիմորդների թիվը ընդունելության տեղերի հետ որևէ կապ չունի:

Նշենք, որ դիմում հատերի ընդունման 2-րդ փուլը կմենկանրկի հունիսի 25-ին և կշարունակվի մինչև հուլիսի2-ը:

Back to top button