ԿարևորՄշակույթ

Գոնսալո Գուարչ. Չիմացությունը ստի մայրն է, հույզը` ճշմարտության

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հիշողությունն ընդդեմ մոռացման. սա իսպանացի նշանավոր գրող Գոնսալո Գուարչի հիմնական նշանաբանն է` Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալիս: Նրա «Հայոց տոհմածառ», «Հայկական կտակ» վեպերն արդեն տարբեր լեզուներով թարգմանվել են: Եռագրության երրորդ գիրքը, որ կոչվում է «Սպիտակ լեռ», արդեն հրապարակվել է իսպաներեն եւ ռուսերեն: Հայերեն թարգմանությունն ընթացքի միջ է: Ամենայն հավանականությամբ` հայերենով այն ընթերցողի սեղանին կդրվի մինչեւ տարեվերջ: Իսպանացի գրողն այս օրերին կրկին Հայաստանում է.

«Իսպանացի գրող եմ, բայց գնալով ինձ շատ ավելի հայ եմ զգում»,- ասում է նշանավոր գրողը` նկատելով նաեւ, որ հայերն ու իսպանացիները շատ ընդհանրություններ ունեն: Ցանկացած իսպանացի Հայաստանում իրեն կզգա ինչպես իր տանը, համոզված է նա։
Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու որոշումն ինքնին մի վեպի թեմա է` անկեղծացավ Գոնսալո Գուարչը: Ասաց, որ տարիներ առաջ Շվեյցարիայում հանդիպել է մի հայի, ով խնդրել է գրել իր գերդաստանի մասին: Այդ հանդիպումն էլ վճռորոշ է դարձել իր որոշման հարցում: Հասկացա, որ ինձ համար շատ ավելի կարեւոր է համամարդկայինը, ասաց նա։
Եռագրության յուրաքանչյուր պատմություն իրական` փաստագրական հիմք ունի:
«Ինձ շատ կարեւոր մի պատմություն գրել ու պատմել էր սպասում ու որքան  գրում էի այդ պատմությունը, այնքան այն ինձ առավել կարեւոր էր թվում: Հետո, զգացի շատ մեծ համակրանք հայ ժողովրդի նկատմամբ»,- պատմում է Գուարչը։
Իսպանացի գրողն ասաց, որ երախտապարտ է. Հայաստանում իր եռագրությունը մեծ պատվի է արժանացել, ապա անկեղծացավ, որ գրելիս ինքը երբեք դրա մասին չէր մտածել։

Ինչպես է Իսպանիայի հանրությունն ընդունել Հայոց ցեղասպանության թեմայով գրողի վեպերը, հատկապես որ` Իսպանիան այն երկրների շարքում է, որոնք Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել: Անդրադառնալով հարցին` Գոնսալո Գուարչն ասաց, թե իսպանացիների համար շատ կարեւոր է իմանալ, որ նման ժողովուրդ գոյություն ունի։
«
Դա նման է նրան, երբ մեկը սերմեր է ցանում եւ սպասում է, որ այն իր բերքը տա: Իմ եռագրությունն անպայման կտա իր ցանկալի պտուղները»,- համոզմունք հայտնեց գրողը:
Ինչ վերաբերում է Իսպանիայում բնակվող թուրքերին, Գոնսալո Գուարչի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանությանը նվիրված իր երեք վեպերի առնչությամբ դեռեւս արձագանք չկա նրանցից: «Սակայն, հասկանալի է, որ նրանց բոլորովին էլ դուր չի գա այն, ինչ արել եմ ես»,-ասաց գրողը:
Նրա 
ցանկությունն է, որ իր եռագրությունը թարգմանվի շատ այլ լեզուներով: «Ես պատմությունը համարում եմ այնպիսի մի վառ բան, որը կարողանում է նաեւ մարդկանց համոզել եւ, երբ մեկին հաջողվում է հուզել մյուսի գիտակցությունը, ապա` ամեն ինչ կարող է փոխվել»,- ասաց իսպանացի գրողը:
Նրա խոսքով` չափազանց կարեւոր է, որ աշխարհն իմանա հայերի հետ կատարված ոճրագործության մասին, որպեսզի նման բան երբեք չկրկնվի: Գրողի փոխանցմամբ` աշխարհի տարբեր ծայրերից ինքը էլեկտրոնային նամակներ է ստանում եռագրության վերաբերյալ եւ եզրակացրել է, որ ինչ-որ բան մարդկանց մոտ փոխվում է:
«Չիմացությունը ստի մայրն է, հույզը` ճշմարտության: Եթե մեզ հաջողվի բոլորին իրական պատմությունների մատուցմամբ զգայացունց անել, ապա`  շատ բան կփոխվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»:
Նշենք նաեւ, որ Գոնսալո Գուարչը Հայաստանի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Հայաստան կատարած այս երրորդ այցելության ընթացքում գրողին կընդունի նաեւ մեր երկրի ղեկավարը:   

Ցուցադրել ավելի
Back to top button