ԿարևորՀասարակություն

Առողջապահության նախարարը մերժում է չարաշահումների մասին բացահայտումները

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր հերքել է ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության կողմից իր ղեկավարած ոլորտում հայտնաբերած չարաշահումները ու չի համաձայնել հրապարակած արդյունքների հետ:
Խոսքը վերաբերվում է բոլոր հիվանդանոցներում պետպատվերով բուժվող հիվանդների բուժման ծառայությունների արժեքի մեջ ներառված սննդի գումարին։
Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ այդ գումարները ծախսվել են հիվանդի վրա, չեն գրպանվել։
Ինչպես նշեց Դերենիկ Դումանյանը, ֆինանսների նախարարության նախորդ  տարվա դիտողությունից հետո, երբ մեկ հիվանդի սննդի  համար հատկացվող 294 դրամը ներառված է եղել ընդհանուր ծախսի մեջ, առողջապահության նախարարությունը շտկել է այդ հարցը՝ դիմելով ֆինանսների նախարարություն, սակայն այս տարի եւս, ֆինանսական վերահսկողության տեսչությունը հաշվի չի առել այն: Սա նաեւ տեսչության թերությունն է, ասաց նախարարը:

«Մենք շտկել ենք այդ խնդիրը, արդեն առանձնացվել են երկու տեսակի հիվանդանոցներ՝ ստացիոնարներ, որտեղ մի դեպքում սնունդ տրամադրումով  հիվանդանոցներ են եւ այդտեղ սննդի գինը ոչ թե 294, այլ 1000-1500 դրամ է , եւ հիվանդանոցներ, որոնք սննդամթերք չպետք է տրամադրեն, այլ լրացուցիչ գումարները ծախսվեն դեղորայքի եւ այլ անհրաժեշտ պարագաների վրա»։
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության արդյունքները փաստել են, որ պետբյուջեից 500 միլիոն դրամ է հատկացվել բոլոր հիվանդանոցներին՝ սնունդ ձեռք բերելու համար, սակայն բացի 2 հիվանդանոցից՝ մնացած բոլորը գումարը ստացել են, բայց հիվանդներին այդպես էլ սնունդով չեն ապահովել: Գումարներն ուղղվել են այլ նպատակների:

Տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանը օրերս պարզաբանել էր, որ այսպիսով տարիներ շարունակ պլանավորված 1 միլիարդ դրամի չհիմնավորված ծախսերն այսուհետ չեն ֆինանսավորվի եւ կուղղվեն առողջապահության ոլորտի այլ խնդիրներին:

Հիշեցնենք, որ չարաշահումների քանակով «առաջատար» սոցիալական եւ քաղաքաշինության շարքում դասվել էր նաեւ առողջապահության ոլորտը:

Առողջապահության ոլորտը բարելավելու եւ Հայաստանում առողջապահության քաղաքականության մշակմանն աջակցելուն էր ուղղված առողջապահության համաշխարհային կազմակերպության այսօր կազմակերպված խորհրդաժողովը, որտեղ էլ նախարար Դումանյանից ստացանք վերը բերված պարզաբանումները։

Իսկ ահա համաժողովին ներկա ԱՀԿ եվրոպական տարածաշջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբը հայտարարեց, որ կազմակերպությունը  գոհ է ՀՀ կառավարության հետ համագործակցությունից, քանի որ գերակա ուղղությունները որպես կանոն համընկնում են:

Նրա խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է եւ լավ դիրքերում է գտնվում իմունիզացիայի ծրագրի իրականացման առումով, եւ որպես օրինակ բերեց  Հայաստանի եւ հարեւան Վրաստանի տարբերությունները կարմրուկի համաճարակի կանխարգելման առումով:

Այժմ պետք է մեծ աշխատանք տանել  ծխելու դեմ պայքարն ավելի խստացնելու ուղղությամբ, քանի որ, Ժուժաննա Ջակաբիի խոսքով, մեր երկրում չափազանց շատ են սիրտանոթային եւ քաղցկեղի խնդիրները, որոնք էլ առաջ են գալիս մեծ մասամբ ծխելու պատճառով։
Դերենիկ Դումանյանն էլ վստահեցրեց, որ այս առումով այս տարի լուրջ աշխատանք պետք է իրականացնեն եւ պատրաստվում են ծխախոտի  եւ ալկոհոլի գովազդն արգելող օրինագիծ ներկայացնել ԱԺ։

Back to top button