Քաղաքական

Օֆշորային սկանդալը եւ իշխանական ու ընդդիմադիր գործիչների գնահատականը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Այն միամիտ բացատրությունը, որը տվել է  Աշոտ Սուքիասյանը, չի կարող փարատել բոլոր կասկածները, որոնք արդեն կան հասարակության մեջ, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով «օֆշորային» սկանդալին եւ այդ առնչությամբ գործարար Աշոտ Սուքիասյանի` դատախազությանը եւ «Հետքին» ուղարկած  նամակին։

Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, սակայն կասկածում է տվյալ նամակի իրականությանը: Նա կարծում է, որ նախ իրավական գնահատական պետք է տան համապատասխան կառույցները, որից հետո միայն կարելի է մտածել քաղաքական եւ բարոյական գնահատականների մասին:

Հիշեցնենք, որ Սուքիասյանը նամակում անդրադառնալով օֆշորային «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպությանը գրել է, «որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ նրա համար, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»։

Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը տարակուսանք հայտնեց գործարար Աշոտ Սուքիասյանի այն խոսքերի վերաբերյալ, համաձայն որոնց` ինքն իր նախաձեռնությամբ է բաժնեմասեր գրել վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անուններով։
 «Ծիծաղելի է, որ այդպես են ուզում նրան հարվածի տակից հանել»,- կարծում է նա։

Դեմկուսի ղեկավարը չի հավատում, որ կարող է մեկի անունով կազմակերպություն գրանցվել, իսկ նա դրա մասին տեղյակ չլինի: Արամ Գասպարի Սարգսյանը նաեւ այսպիսի մի դիտարկում-զուգահեռ անցկացրեց.

«Ընդհանրապես անհարմար է քննարկել հոգեւոր սպասավորի հետ կապված պատմությունը, օրինակ՝  ես չեմ պատկերացնում, որ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի օրոք նման բան կարող էր լինել»։
Դեմկուսի ղեկավարը հայտարարեց, որ իր համար կարեւորն այն է, որ նման պատմություններ չլինեն մեր երկրում: Արդեն եղել է, ուրեմն` պետք է հետեւություններ անել:
Հանրապետկան պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, մինչդեռ, դեռեւս կասկածում է` արդյո՞ք այդ նամակը, որ հրապարակվել է գործարար Աշոտ Սուքիասյանի անունից, իրականություն է:
Պատգամավորի կարծիքով` պետք է սպասել, որ համապատասխան մարմիններն իրենց  եզրակացությունը տան,  տան իրավական գնահատական, որից հետո էլ իրենք կտան քաղաքական եւ բարոյական գնահատական։

Հիշեցնենք, որ գործով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը: Այստեղ երեկ որոշում է կայացվել գործարար Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրելու մասին: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:

Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը, սակայն, կարծում է, որ խնդիրը վերաբերում է ՀՀԿ-ի հեղինակությանը եւ այդ կուսակցությունը կարող է իր համար ճշտել, թե, ի վերջո, ինչ է կատարվում մեր երկրի ներսում:

Երեւույթներ են, որ անընդհատ անհանգստացնում են հանրությանը, իսկ այդ մանրուքները հանգեցնում են արտագաղթի, եզրահանգեց Արամ Գասպարի Սարգսյանը:
Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի խոսքով, սակայն, այդ ամենի մասին խոսվել եւ խոսվում է, իսկ առաջին հերթին հենց իշխանությունն է փորձում բացահայտել կնճռոտ խնդիրները:
Սուքիաս Ավետիսյանը հենց այս տեսանկյունից դիտարկեց նաեւ ՎՊ-ի վերջին աղմկահարույց բացահայտումները: Նա նկատեց նաեւ, որ շատ հարցերի շուրջ առաջին անգամ կառավարության եւ ՎՊ-ի դիտարկումները չհամընկան:
Հանրապետական պատգամավորի խոսքով` կան չարաշահումներ, ուրեմն` մեղավորները պետք է պատժվեն: Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը, սակայն, նկատեց, որ նախկինում եւս աղմկահարույց բացահայտումներ եղել են: Նրա խոսքով` եթե որեւէ նախարարությունում չարաշահումներ կան, ապա դրա պատասխանատուն նախարարն է, սակայն մինչ օրս նախարարի պատասխանատվության ենթարկելու փաստ չի արձանագրվել:

Ցուցադրել ավելի
Back to top button