Վիրտուալ տարածքը այնքան էլ փակ չէ և անձնական տեղեկատվությունը կարող է հասու լինել օտար մարդկանց


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Վերջերս հայտնի դարձավ, որ ամերիկյան հատուկ ծառայություններն ակտիվորեն գաղտնալսում են համացանցը, մասնավորապես՝ սոցիալական ցանցերը: Որպես պատճառ բերվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը: Այս առումով կասկածի տակ է դրվում անձնական տվյալների և տեղեկատվության պահպանումը:
Արևմտյան մամուլում հունիսի սկզբին հրապարակումներին նշվում էր մասնավորապես, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը այս նպատակով օգտագործում է «Պրիզմ» և «Անսահման տեղեկատու» լրտեսական ծրագրերը, որոնք թույլ են տալիս իրականացնել համացանցային տեղեկատվության գլոբալ հետախուզում:
Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ օգտատերերի վիրտուալ տարածք ներթափանցումը շատ հաճախ կրում է հակաօրինական բնույթ, առանց դատարանի որոշման: Հետախուզական գործիքները թւյլ են տալիս հետևել ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ երկրների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը։
Օգտատերը պետք է գիտակցի, որ վիրտուալ տարածքը այնքան էլ փակ չէ և անձնական տեղեկատվությունը կարող է հասու լինել օտար մարդկանց:
Մարտիրոսյանը նկատում է, որ անձնական տվյալների պահպանման առումով մեր երկրում կան խնդիրներ, մասնավորապես, բաց տեղադրած ընտրողների ռեգիստրի հետ կապված: