Տնտեսական

«Սպայկայի» հրդեհը չի ազդել մթերումների ծավալի ու գնի վրա, ասում է ընկերության ներկայացուցիչը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

«Սպայկայում» տեղի ունեցած հրդեհը չի ազդել ընկերության կողմից մթերումների ծավալի և մթերվող գյուղմթերքի գների վրա, այսօր հայտարարեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը: Ընկերությունը խոշոր վթարից եւ հրդեհից հետո, որոնք մեծապես ազդել էին մթերումների վրա, կարողացել է մեկ ամսվա ընթացքում կրկին կազմակերպել մթերումների համար անհրաժեշտ ամեն ինչ:
Հունիսի 16-ից գործարկել են 1000 տոննա տարողությամբ սառանարային համալիրը: Ծրագրում են 12 օր անց գործարկել նաև երկրորդը:
Այսօրվա դրությամբ ընկերությունն արդեն Հայաստանից արտահանել է ավելի քան 3000 տոննա ծիրան: Մթերումն ակտիվորեն շարունակվում է` ծրագրելով միայն ծիրանի արտահանումն այս տարի հասցնել 2500-3000 տոննայի` անգամ գերազանցելով արտահանման նախորդ տարվա ցուցանիշերը:
«Սպայկան» ներկայում ծիրան մթերում է 400-500 դրամով, վճարում կանխիկ` հենց տեղում: Չնայած կրած խոշոր վնասին` ընկերությունն իր սոցիալական պատասխանատվությունն է համարում կանգնել ֆերմերի կողքին` չխախտելով գնի շուրջ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ի դեպ` հայկական ծիրանը դրսում վաճառվում է 750-800 դրամի սահմաններում։
«Սպայկա» ընկերության նշանակությունը հայաստանյան գյուղատնտեսության համար կարեւոր է այն առումով, որ այն խոշոր մթերող է: Մայիսի կեսի տվյալներով` Հայաստանից թարմ պտուղ-բանջերեղենի արտահանման ավելի քան 65 տոկոսն իրականացրել է հենց «Սպայկա» բեռնափոխադրող ընկերությունը: Պտուղ-բանջարեղենի 99 տոկոսն այն արտահանում է ԱՊՀ երկրներ, անցյալ տարի առաջին քայլերն են արվել դեպի եվրոպական շուկա:
Կարեն Բաղդասարյանն արձանագրում է, որ հայկական պտուղ-բանջարեղենի մեծ պահանջարկ կա հատկապես Ֆրանսիայում, Իտալիայում: Սակայն մինչ այդ երկրներում մեծապես ներկայանալը հարկ է դեռ որակի սերտիֆիկացման խնդիրներ լուծել, ինչն առաջին հերթին արտադրողներից է կախված, շեշտեց Բաղդասարյանը։
«Սպայկա» ընկերությունն այս տարի նախատեսում է մրգից բացի արտահանել նաև բազուկ եւ շարունակել թարմ կարտոֆիլի արտահանումը:
Ընկերությունն այսօր փորձում է ընդլայնել ինչպես արտահանվող գյուղմթերքի ցանկը եւ արտահանման աշխարհագրությունը, այնպես էլ իր հետ գործակցող գյուղացիական տնտեսությունների ցանկը: Իսկ դրան զուգահեռ` ընկերության մասնագետները դեռ հաշվարկում են, թե խոշոր հրդեհն ինչ չափով էր վնասել իրենց: «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանն այսօր նաեւ հայտարարեց, որ իրենք հայաստանյան գյուղատնտեսության հետ նոր հույսեր էլ են կապում` նաեւ դրանով պայմանավորելով իրենց հետագա գործունեության ընդլայնումը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button