Կարևոր

ԼՂՀ-ն ողջունում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը:

Նրա մեկնաբանության մեջ ասվում է.

«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարների շահագրգռվածությունն ուղղված Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորմանը, որն արտահայտվել է ս.թ. հունիսի 18–ի՝ համատեղ հայտարարությամբ:

Տվյալ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է համանախագահող երկրների վճռական դիրքորոշումը՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը եւ նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում եւս մեկ անգամ հաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը՝ նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է:

Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման ջանքերի ակտիվացմանն ուղղված կոչը լսելի կլինի Ադրբեջանում եւ նրա ղեկավարությունը կհրաժարվի միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքներն ընտրովի մեկնաբանելու փորձերից, տարածաշրջանում լարվածության եւ անվստահության մթնոլորտը խորացնելուց, ինչպես նաեւ ստեղծված  իրողություններն անտեսելուց:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանդիսանալով բանակցությունների գործընթացում ստեղծված իրավիճակից ելք գտնելու եւ երկրի ու ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող որոշումներ կայացնելու մեջ ամենաշահագրգիռ կողմը, պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատման համար»:

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների առաջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են արել իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել, ոչ թե ՝ պատերազմի:

«Նախկինի պես վստահ ենք, որ վերջին 4 տարիների ընթացքում մեր երկրների արած հայտարարություններում առկա դրույթները պետք է հիմք հանդիսանան ղարաբաղյան հակամարտության արդար եւ կայուն կարգավորման համար: Այդ դրույթները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ յուրաքանչյուր փորձ` ուղղված դրանցից մեկին նախապատվությունը տալուն, բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը»,-ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների առաջնորդների հայտարարությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button