ԿարևորՀասարակություն

Երեւանում մեկնարկել է «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» միջազգային համաժողովը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում: Համաժողովի ընթացքում քննարկվել են ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ներկա իրավիճակը, ժողովրդավարության դերը` տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում և ոլորտին առնչվող այլ հարցեր: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը` նախագահ Հերվիգ վան Շտաանի գլխավորությամբ, Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական փորձագետներ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը համժողովի մասնակիցներին նախ ներկայացրեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր, մեջբերենք.«Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության գերակայությունները սահմանելիս մենք հատուկ կարևորել ենք տեղական ժողովրդավարությունը, քանի որ այն հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է: Այս ուղղությամբ ուշադրություն ենք դարձնելու տեղական և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացմանը: Վստահ եմ, որ կոնֆերանսի ընթացքում ձեզ կհաջողվի մշակել նոր մոտեցումներ համայնքային գործերին բնակչության մասնակցության համար մատչելի, գործնական ու արդյունավետ մեխանիզմներ ներդնելու հարցում»,-մեջբերման ավարտը:

Իր բացման խոսքում փոխվարչապետը Հայաստանում համաժողովի անցկացումը բացառիկ հնարավորություն համարեց` տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության վերջին զարգացումները քննարկելու համար: Արմեն Գևորգյանի խոսքով տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծումից հետո Հայստանում լուրջ աշխատանք է տարվել այդ մարմինների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու, քաղաքացիներին այդ մարինների որոշումների կայացմանը մասնակից դարձնելու ուղղությամբ Հաշվետվողականության վերաբերյալ լուրջ պահանջներ են արձանագրվել ՏԻՄ մասին օրենքում, որոնք արդեն իսկ իրացվել են ՏԻՄ-երի առօրյա գործունեության մեջ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր խոսքում բարձր գնահատեց համաժողովի նշանակությունն ու քննարկվող թեման համարեց արդիական:

ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը` նախագահ Հերվիգ վան Շտաանն իր ելույթում նշեց, որ համաժողովը Հայաստանում և ԵԽ-ում Հայաստանի նախագահության ընթացքում կազմակերպելը պատահական չէ, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որ արդեն վավերացրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության իրավունք սահմանող Ուտրեխտի արձանագրությունը: «Մասնակցության խնդիրը որպես գերակայություն ներառված է Կոնգրեսի` 2013-16թթ. գործողություններում, որով մենք հաստատում ենք, որ ժողղովրդավարության որակը կախված է ժողովրդավարական գործընթացներում քաղաքացիների մասնակցությունից»,-նշեց եվրոպացի պաշտոնյան:

Ցուցադրել ավելի
Back to top button