ԿարևորՀասարակություն

Դսեղի գյուղապետ.«Հուշարձանը շրջվում է, Հուշարձանների պահպանության վարչությանը չեմ կարողանում գյուղ բերել»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երեկ մեր երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր Լոռու մարզ՝ Սանահին վանական համալիր և Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Այստեղ մինչ վարչապետի ժամանումը, Դսեղի գյուղապետը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ոչ այնքան բարեհամբույր է դիմավորել: Ավելի ուշ, Ռադիոլուրը պարզել է, որ Դսեղի գյուղապետի զայրույթի պատճառը խայտառակ վիճակում գտնվող յոթերորդ դարի հուշակոթողն է: Սանահինում էլ վանական համալիրի շրջակայքում հուշանվերներ վաճառող կանայք են փորձել դժգոհել Տիգրան Սարգսյանին, նրանց սակայն, իրենց խոսքով, ղեկավարները, հորդորել են լռել: Ինչու՞ են լռել սանահինցի կանայք և ո՞րն է Դսեղի գյուղապետի զարույթի իրական պատճառը:

Հեռու, թե մոտ կարևոր չէ, մեր երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին ամենուր բարձր ընդունելության են արժանացնում: Երբեմն սակայն, բացառություններ էլ են լինում: Նման եզակի ընդունելության ականատես եղանք նաև մենք երեկ՝ Մեծն Լոռեցու ծննդավայրում՝ Դսեղում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը թերևս զարմացավ, երբ Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանի կողմից ոչ այնքան բարեհամբույր ընդունելության արժանացավ: Նրանց զրույցից մի հատված ենք ներկայացնում.«Հասմիկ Պողոսյան ինչ հայտարարություններ եք անում, անհարմար է, որ գյուղապետն այդպիսի հայտարարություններ է անում: Գյուղապետ եթե ձեզ թվում է ես սխալվում եմ, դուք եք սխալվում առաջին հերթին, ոչ մի բանի չես կարողանում հասնես, միայն թե տեղից վեր չկենան»:

Ավելի ուշ Դսեղի գյուղապետից խնդրեցինք պարզաբանել, թե ո՞րն էր նրա զայրույթի պատճառը: Պարզվեց՝ զրուցակցիս բնութագրմամբ, հուշակոթողը խայտառակ վիճակում է գտնվում, գրեթե շրջվում է, տակի պատվանդանը քանդվել է և առանցքից թեքվել է 18 սմ-ով, որևէ մեկից որևէ աջակցություն չի ստացել. «Հուշարձանը շրջվում է, Հուշարձանների պահպանության վարչությանը չեմ կարողանում գյուղ բերել, որ մի հատ նայեն, թե ինչ անեն, որ էդ հարցն այդպես չմնա: Յոթերորդ դարի հուշարձան է»:

Ոչ միայն այս, այլ նաև մյուս պատմական հուշարձանների վերականգնման շուրջ մշակույթի նախարարն ունի իր տեսակետը: Պետական մոտեցումն այսպիսին է՝ նախ վերականգնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հուշարձանները:

«Մենք չենք կարող միանգամից բոլոր հուշարձանների վերականգնմանը անդրադառնալ: Սա եկեք, հստակ ու սթափ հասկանանք: Եթե մենք ունենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հուշարձաններ, մենք առաջնահերթ դա ենք վերակագնում: Ասեմ, որ Լոռու մարզում երեք հուշարձան է վերականգնվում պետական միջոցներով, ոչ միայն վերականգնում ենք, այլ նաև գիտական պեղումներ ենք կատարում: Գիտեք ինչ կա, եկեք հասկանանք, միանգամից ակնկալիք ունենալ, որ Հայաստանի 24 հազար հուշարձանները միաժամանակ կկարողանանք վերականգնել, մենք դա չենք կարող»:

Բարեբախտաբար ամրակայման աշխատանքներ են կատարվում Սանահին վանական համալիրում, որտեղ արդեն տասը տարի է, ինչ ծառայում է Սոխակ Սիմոնյանը, մարդիկ, նրա աչքերով բարի են, ամեն ինչ լավ է լինելու՝ «Վերջը շատ լավ է լինելու: Կգան, կվերանորոգեն, ճեմարանը կբացվի: Վանքը իր նախկին կյանքին կվերադառնա»:

Զրուցակցիս լավատեսությունը, սակայն, չեն կիսում վանական համալիրի բակում հուշանվերներ վաճառող տեղացիները: Ավելին, նրանք որոշել էին իրենց դժգոհությունները հանրապետության վարչապետին փոխանցել, սակայն, զրուցակիցներիս բնորոշմամբ, իրենց ղեկավարների հորդորով, նախընտրեցին լռել: «Ասեցինք, վարչապետին ասենք: Էն էլ ասեցին, կլուծենք խնդիրը: Մենք եկեղեցու ներսում սուվիներ ենք ծախում, հիմա ուզում են մեզ տանեն փոշու բերան, ներքևում սաքրեն, որ կանգնենք, առևտուր անենք: Դե ասում են, եկեղեցու տարածքն է: Սիրուն, ակուրատնի, որ կանգնենք, ի՞նչ կլինի որ: Ներքևում մենք ենք սարքելու, պետությանը փող ենք մուծել, որ տեղ տանեն: Էսօր մենք չենք դրել»:

Հուշանվերներ վաճառող կանայք ասացին,որ իրենց ձեքռի աշխատանքն են վաճառում, օրերով առևտուր չեն անում.«Ամենաէժան տեղը մեր տեղն ա, որ հանկարծ տուրիստը գալիս , ստեղից առնում ա, զարմանում ա, որ էսքան էժան ա: Հաղպատում չորս –հինգ հազար ա, մեր մոտ հազար-հազար հինգ ա»:

Նրանք նաև անկեղծացան՝ հաճախ չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հիշում են, ընտրությունից ընտրություն, երբեմն նաև՝ առանց քարոզարշավի, բայց, ոչ առանց պատճառի: Այստեղ էլ ինչպես Հայաստանի մյուս մարզերում, տեղացիները արտագաղթից ու գործազրկությունից խոսեցին, պատմեցին իրենց հոգսերի ամսին, որոնց պակասն իհարկե չունեն:

Ցուցադրել ավելի
Back to top button