Դեսպանը խոստանում է ակտիվացնել հայ- իրանական փոխգործակցությունը


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեյիսին գործնական հանդյիպում է ունեցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր: Արմավիրի մարզը տնտեսական համագործակցություն է սկսել Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատականի նահանգների հետ, սակայն փորգործակցության զարգացման տեմպերը դանդաղ են։ Դեսպանը խոստացավ ծանոթանալ ձգձգման պատճառներին ու լուծում տալ խնդրին:
Դեսպան Մոհամմադ Ռեյիսին Արմավիրի մարզը գնահատում է ոչ միայն գյուղատնտեսական ուղղվածության առաջատար մարզերից մեկը, այլև ծնելության բարձր ցուցանիշով, որը խրախուսվում է իշխանության կողմից: Իրանում դա նույնպես առաջնային տեղ է զբաղեցնում: Իրանցի երիտասարդն ամուսնանալիս նախապես պայմանավորվում է հարսնացուի հետ շատ երեխաներ ունենալու մասին:
Այնուհետ անդրադարձան այն գործնական պայմանագրերին , որոնք կնքվել են Արմավիրի մարզպետի և Իրանի 2 նահանգի ղեկավարների հետ և չեն իրագործվել:
Արևելյան Ատրպատականի հետ համագործակցության շրջանակներում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը աջակցել է իրանական մեկ կազմակերպությանը 450 հա հողատարածքի վրա հացահատիկի մշակության գործում, ինչպես նաև Թավրիզից գնել են տրակտորներ, վաճառել, գումարը փոխանցել, իսկ տրակտորների 2-րդ խմբաքանակը դեռ չեն ներկրել , որը պայմանավորված է Բելառուսից հատկացվող տրակտորների քանակով: Հստակեցնելուց հետո Թավրիզից կգնեն անհրաժեշտ քանակության տրակտորների 2-րդ խմբաքանակը:
Փոխհամագործակցության դրական տեղաշարժի դեպքում հայկական կողմը կարող է նախադրյալներ ստեղծել իրանական արտադրանքի արտահանման և իրացման գործում, քանի որ Արմավիրի մարզը բարեկամական կապերի մեջ է Ռուսաստանի Դաշնության, եվրոպական երկրների մի քանի երկրամասերի ու նահանգների հետ, սակայն իրանական գործընկերները իրական քայլեր չեն ձեռնարկում և աշխատանքների կազմակերպումը ընթացք չունի:
Իրանի դեսապանը ծանոթանալով խնդիրներին նախ զարմացավ, թե ինչու է իրանական կողմը ձգձգում հարաբերությունների ընթացքը և գործնական քայլեր չի ձեռնարկում:
«Կարելի է շատ լավ համագործակցել ձեր մարզի հետ, առանց ավելորդ աղմուկների շատ լավ գործ անել»,- ասաց իրանցի դիվանագետը:
Նախորդ տարում Թավրիզում բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել պարսկական կողմին արոտավայրեր հատկացնելու մասին: Ըստ դեսպանի՝ այս հարցը շահարկման առարկա է հանդիսացել Սյունիքի մարզպետի հետ կապված, հողհատկացման պայմանավորվածությունը որևէ փաստաթղթով ամրագրված չէ։
«Տարաձայնությունները չպետք է խառնել երկրի շահերի հետ, Հայաստանը կարող է 6-7 մլն գլուխ անասուն բուծել, որը նշանակում է նոր աշխատատեղեր, մսի, կաշվի, բրդի արտահանում, նաև կաթնամթերքի, սակայն հաճախ լրագրողները չգիտակցելով երկրի շահերը կարող են չնչին խնդիրց մեծ աղմուկ բարձրացնել և խոչընդոտել հիմնական գործը , այսինքն` երկարաժամկետ շահերը զոհաբերում են զգացմունքային խնդիրներին և դա մեծ վնաս է հասցնում երկրին»,- ասաց դեսպանը:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց Արմավիրի մարզում սպանդանոց հիմնելու համար հողատարածք հատկացնելու, մորթ կազմակերպելու և միսը տեղափոխելու մասին: Մարզպետն առաջարկեց նաև ջերմոցային տնտեսություններ հիմնել մարզում, որոնք կարող են իրագործել պարսիկ գործարարները:
Հուլիս ամսին Թեհրանի առևտրա-արդյունաբերական պալատի պատվիրակությունը 70 հոգուց բաղկացած կազմով այցելելու է Հայաստան: Դեսպանն առաջարկեց մարզպետին ներկա գտնվել քննարկումներին, ներկայացնել մարզի հնարավորությունները, անհրաժեշտ ներդրումների ոլորտները և ըստ այդմ էլ առաջնորդվել:
Հանդիպման ավարտին Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին նշեց, որ համագործակցության մեծ նախադրյալներ կան հատկապես Արմավիրի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև, որին իրենք պետք է գործնական բնույթ հաղորդեն:
Իսկ Արևմտյան Ատրպատականի հետ հարաբերությունները տեղաշարժ չունեն, դեսպանի կարծիքով պատճառը հեռավորությունն է, սակայն դիվանագետը հետամուտ կլինի խնդիր լուծմանը:
Դեսպանը հույս հայտնեց համագործակցությունը Իրանի մյուս մարզերի հետ հեռանկարային շարունակություն կունենա, իսկ ինչ վերաբերում է «Արազ» ազատ առևտրի գոտուն, դեսպան Մոհամմադ Ռեյիսին նշեց, որ ազատ գոտին արդեն գործում է և առաջարկել են հայկական կողմին և հայ գործարարները ցանկության դեպքում կարող են գնալ, ներդրումներ անել և առևտրով զբաղվել: