ԿարևորՔաղաքական

ԱԺ- ն առանց ընդմիջման էլ չհասցրեց սպառել արտահերթի օրակարգը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր աշխատել է առանց ընդմիջման ու այդպես էլ չի սպառել արտահերթի օրակարգը:  Իրար հետևից քվեարակություններով, տարբեր ընթերցումներով  մոտ երկու տանյակ օրինագիծ է ընդունվել, սակայն մինչեւ ժամը 18- ը օրակարգը չսպառելով՝ նիստը հետաձգվել է մինչեւ վաղը։

Իսկ այսօր ԱԺ-ն  ընդունել է Դիլիջանի դպրոցին հարկային ու մաքսային արտոնություններ նախատեսող օրինագիծը, երկրապահ կամավորականի կարգավիճակն օրենսդրորեն ամրագրող նախագիծը, պաշտպանել է նաև նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնելու գործադիրի առաջարկը:
Քննարկումները բավականին բուռն են եղել հատկապես Դիլիջանի դպրոցին ու նվազագույն աշխատավարձին առնչվող նախագծերի շուրջ:
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելիս՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ երկրորդ ընթերցմանը կողմ կքվեարկի, եթե ընդունվեն «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության կողմից խորհրդարանականներին փոխանցված առաջարկները:
Նախաձեռնությունն  առաջարկներից հիմնականը միջազգային հանրակրթական ծրագրերը թարգմանելն   ու տեղայնացնելն էր:   Այդ պահանջն օրենքի շրջանակներում կարգավորել հնարավոր չէ, բայց կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ, պատգամավորներին փոխանցեց ֆինանսների փոխնախարարը:
Առաջարկի մերժումը սկզբունքային էր ՀԱԿ-ի համար:

«Մենք չենք ցանկանում խանգարել այս ներդրմանը, բայց քանի որ մերժեցիք  տեղայնացման ու թարգմանության 4 խմբակցությունների պահանջը, ստիպված ենք ձեռնպահ քվերակել»:

ԲՀԿ խմբակցություն քարտուղար Նաիրա Զոհարբյանն էլ հայտարարեց, որ խմբակցությունում կարծիքները բաժանվում են՝ չկա միասնական դիրքորոշում, հետևաբար ԲՀԿ-ն ազատ է  քվեարկելու։

«Մեզ համար հասկանալի չէ, թե ինչու կառավարությունը չընդունեց 4 խմբակցությունների առաջարկը, փոխնախարարի բացատությունը բոլորովին համոզիչ չէր, բայց մեր կարծիքները տարբեր են, այդ պատճառով ազատ ռեժիմով ենք քվեարկելու»:

Դիլիջանի դպրոցին արտոնություններ տալու հարցը խորհրդարանում տարբեր թեմաների անդրադառնալու առիթ դարձավ: ՀԱԿ-ից ՆԻկոլ Փաշինյանը ծրագրին արտոնություններ տալը վարչապետի օֆշորային պատմության հետ կապեց, ԱԺ փոխնախագահին այս համեմատությունը Գյուլնազ տատի հեքիաթը հիշեցրեց:

Լևոն Զուրաբյանը Վարդան Այվազյանի  բնապահպանության նախարարությունը ղեկավարելու ժամանակաշրջանն ու  այդ ընթացքին վերաբերող ամերիկյան դատարանի վճիռը հիշեց: Այվազյանը հարկ համարեց արձագանքել ՝ հարցնելով, թե ինչ պատվերի  շրջանակում են իրենից  պահանջում ԱԺ  ամբիոնից պատասխանել  ամերիկյան դատարանի ՝ իրեն  տուգանելու մասին որոշմանը:
Պարզաբանումների ընթացքում հնչող որակումները ԱԺ նախագահին պարբերաբար ստիպում էին միմյանց նկատմամբ հարգալից լինելու կոչեր անել:
«Կարծես վատ ավանդույթ է այս դահլիճում ձևավորվում՝ պատգամավորներն այս ամբիոնոից մեկը մյուսին անհիմն մեղադրանքներ են ներկայացնում: Երրորդ անգամ եմ ասում ՝ իրար վրա ցեխ շպրտելով ձեզ չեք արժեւորի»:
Հուիսի 1- ից նվազագույն աշխատավարձը գործող 35 հազարի փոխարեն 45 հազար կդառնա: Սա առաջարակվում էր կառավարության ներկայացրած օրինագծով, որը նույնպես արտահերթում քննարկվող հարցերից էր:
Աշխատավարձերի համակարգային բարձրացում, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, կառավարությունը նախատեսում է 2014 թվականի հունվարի 1-ից:

Խորհրդարանական մեծամասնությունը կառավարության առաջարկը պաշտպանում է, փոքրամասնությունն աշխատավարձի բարձրացմանը  դեմ չէ, բայց չի կարծում, թե այն հիմանվոր լուծում է:
«Դուք 10 հազար դրամով  20 հազար հոգու աշխատավարձ եք բարձրացնում: Լավ լուծում է, բայց հավատացեք, որ դրանով մատի փուշը չեք հանում»,- ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի։

Ըստ նրա՝ այդ բարձրացումը չի փոխհատուցելու գնաճի այն հետևանքները, որ իր հետ հուլիսի 7-ից բերելու է գազի սակագնի բարձրացումը:
Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանի մտահոգություններն ավելի խորն էին. սոցիալական առումով կառավարությունը գուցե և որոշակի խնդիր լուծում է, տնտեսագիտական առումով, սակայն, քայլը, ըստ Մինասյանի, աբսուրդային է: Նա հիշեցրեց, որ նախորդ տարեվերջին ՀՅԴ-ն առաջարկում էր նվազագույն աշխատավարձ բարձրացնել, ավելին` դրա հաշվարկման հիմքում որոշակի բանաձև դնել, ինչին կառավարությունը համաձայն չէր:
«Վեց ամիս առաջ չգիտեի՞ք, որ գազի և էլեկտրաէներգիայի գները բարձրանալու են, չգիտեի՞ք, որ բնականոն գնաճ է տեղի ունենալու, չգիտեի՞ք, որ աղքատության ցուցանիշը մեծանալու է: Եթե գիտեիք, էն ժամանակ անեիք, իսկ եթե չեք արել էն ժամանակ, հիմա բերել եք տարվա կեսից նվազագույն աշխատավարձի բարձրացում եք իրականացնում, որքան էլ որ դրական է, տնտեսական տեսանկյունից այլանդակ մոտեցում է:  Տարվա կեսից խաղի կանոն փոխելը  սխալ մոտեցում է»:

Ցուցադրել ավելի
Back to top button