

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Nout.am» եւ «Այ թի մաստեր» ընկերությունները գովազդում են չմատուցվող ծառայություններ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր հրապարկել է այդ ընկերությունների նկատմամբ իրականացրած վարչական վարույթի արդյունքները: Վարույթները հարուցվել էին քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա:
«Nout.am» եւ «Այ թի մասթեր» անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահները չեն մատուցում այն ծառայությունները, որոնք գովազդվում են` պարզվել է ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված դիտանցմամբ: Ընկերությունների նման վարքագիծը ՏՄՊՊՀ-ն որակեց որպես հասարակության մոլորեցում եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում: Ընկերությունների նկատմամբ հանձնաժողովը կիրառեց տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Սա օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է, ասում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ համակարգչային խանութների մոտ բազմաթիվ են այնպիսի խախտումները, երբ գովազդի եւ վաճառքի փաստացի պայմանները չեն համընկնում: Քիչ չեն այնպիսի տնտեսվարողները, որոնք ցանկանում են սպառողին խաբելու եւ մոլորեցնելու միջոցով շուկայում հաստատվել` իր այս տպավորությունը փոխանցեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց նաեւ նորաստեղծ «Դոմինո փրոդաքշն» ընկերության հարցը: Այս ընկերությունը մոլորեցրել է սպառողներին` «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերության կատարած աշխատանքները վերագրելով իրեն: Հարցով հանձնաժողովին էր դիմել «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերության համահիմնադիր Արամ Հարությունյանը:
Հանձնաժողովը նորաստեղծ «Դոմինո փրոդաքշն» ընկերության հանդեպ կիրառեց տուգանք` միաժամանակ հանձնարարելով 1 շաբաթվա ընթացքում վերացնել հայտնաբերված խախտումները: Հանձնաժողովի այսօրվա նիստից տեղեկացանք նաեւ, որ կանխվել են շուկայում հայտնված «Բարի սամարացի», «Քրաուն քեմիքալ» եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունների կեղծ ապրանքների իրացման դեպքեր: