ԿարևորՔաղաքական

ՎՊ հայտնաբերած փաստերը ՔՕ 15 հոդվածների հանցակազմ է պարունակում, կարծում է ընդդիմությունը (լրացված)

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր  շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Խորհրդարանական օրվա առաջին կեսին  կրքերը կրկին թեժացել են Վերահսկիչ պալատի 2012թ.-ի տարեկան հաշվետվության շուրջ:
ԱԺ բոլոր խմբակցություններն այսօր խոսեցին Վերահսկիչ պալատի  հայտնաբերած խախտումները իրավապահների դատին հանձնելու անհրաժեշտության մասին: Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն անգամ մոտավոր հաշվարկ էր արել ՝ հրապարակված փաստերն առնչություն ունեն Քրեական օրենսգրքի առնվազն 15 հոդվածների հետ:
«
Սկսած վարկը ոչ նպատակային օգտագործելուց, որի համար նախատեսվում է 2-ից 5 տարի մինչև վատնման, յուրացման, պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածները:  Իսկ եթե սուտ մատնություն է արվել, դրա համար էլ է Քրեական օրենսգիրքը  համապատասխան դրույթներ նախատեսել»:

ԱԺ ամբիոնից չեն կարող նման լուրջ մեղադրանքներ  հնչել ու անպատասխան մնալ, ասում է Արծվիկ Մինասյանը, ում կարծիքով՝ գնդակն այս պահին իշխանությունների դաշտում է:
«Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը  Արծվիկ Մինասյանի թվաբանությանը հավատում է: Նա նույնպես խմբակցության անունից ելույթ ունենալով կարծիք հայտնեց, որ մի քանի օր տևած ու բուռն կրքեր առաջացրած հաշվետվության քննարկումը տրամաբանական ավարտի կհանգի, եթե նյութերը դատախազություն գնան:
«Օրենքի շրջանակներում ՎՊ- ն պետք է դիմի դատախազություն: Այս դեպքում՝  խորհրդարանը հետևողական կլինի, որ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնի: Իսկ եթե սա շուոի մակարդակում պիտի մնա, շուոներից հոգնել ենք, իսկ եթե իշխանությունը անկեղծորեն մտահոգված է, ապա այդ քայլը պետք է կատարի»:
Որ իշխանության մտահոգությունները անկեղծ են,  վստահեցրեց անձամբ ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խորհրդարանական մեծամասնությունը նույնպես պաշտապանում է նյութերը դատախազություն ուղարկելու առաջարկը:
«Ես առաջարկում եմ այս փաստաթուղթն ուղարկել դատախազություն: Ոչ կառավարությունը, ոչ ԱԺ-ն ու ոչ էլ ՎՊ-ն իրավասու չեն  հիմնավորել չարաշահում եղե՞լ է , թե՞ ոչ: Դրանով պետք է զբաղվի դատախազությունը և արդյունքների մասին պետք է պարբերաբար տեղեկացնի խորհրդարանին»:
Հաշվետվության քննարկման ժամանակ  ուշագրավը ոչ միայն  ՎՊ  բացահայտումներն էին, այլ նաև այն արձագանքը, որին արժանացան դրանք հատկապես խորհրդարանական մեծամասնության կողմից:
ԱԺ նախագահին մասնավորապես զարմացրել էին,  իր ձևակերպմամբ,   բյուջեն թալանելու փաստերը: Հովիկ Աբրահամյանն այսօր իր զարմանքի վրա զարմացողներին հավաստիացրեց:

«Ուզում եմ  բոլորին հավաստիացնել, որ Հանրապետական կուսակցության ղեկավարը, քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին որևէ պաշտոնի նշանակելիս նրա հետ պայման չի կապում, որ  պաշտոնը ստանձնելով գնալու են զբաղվեն չարաշահումներով, թալանով կամ յուրացումներով: Եվ դրա համար մենք զարմանում ենք: Իմ զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է: Ես զարմանում եմ, որովհետև մենք նման պայմանավորվածություն չունենք»:
ԱԺ նախագահն առաջարկեց նաև  մտածել ԱԺ կանոկարգն ու ՎՊ հաշվետվության քննարկման  ընթացակարգը  փոփոխելու մասին: Նրա կարծիքով ՝ անհրաժեշտ է, որ փաստաթուղթը ԱԺ նիստերի դահլիճում քննարկվի   կառավարության և դատախազության մասնակցությամբ:
Ե
վ վերջապես՝ մի քանի օր տևած թեժ քննարկման վերջին ակորդը կրկին ՎՊ նախագահինն էր: Նա  եզրափակիչ ելույթում փորձեց պատասխանել  նիստերի դահլիճում հնչած բազմաբնույթ հարցերին: Իշխան Զաքարյանի ամփոփմամբ՝ կառավարությունը  շահագրգռված է արձանագրված  թերությունները վերացնելու հարցում: Գործադիրի հետ մեր հարաբերությունները գործընկերային են, ասաց ՎՊ նախագահը:
Անդրադարձավ նաև Վերահսկիչ պալատ- դատախազություն փոխհարաբերություններին՝ նախ նկատելով, որ պաշտոնապես հայտարարում է Գլխավոր դատախազությանը չվստահելու մասին որևէ տեղ և որևէ հայտարարություն չի արել  (սրա մասին իր ելույթում խոսել էր  ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ  Գագիկ Ջհանգիրյանը. խմբշ)։
«Այս տարիների ընթացքում  ՎՊ-ն դատախազություն է ուղարկել շուրջ 30 գործ, չի եղել մեկը, որով քրեական գործ չհարուցվի: Արդյոք հետևանքները բավարա՞ր են եղել, 90 տոկոսով ՝ այո»:
Իշխան Զաքարյանը եզրափակիչ ելույթում փորձեց պատասխանել ողջ քննարկման ընթացքում կարմիր թելի նման անցնող հիմնական հարցին նույնպես: Եթե այդքան շատ խախտումներ են հայտնաբերվել, ինչու է գործերից միայն մեկով նյութերն ուղարկվել դատախազություն:
«Ինչո՞ւ  ՎՊ-ն ավելի շատ ու ավելի հաճախ չի դիմում դատախազություն: Ընդուոնւմ եմ, կարծում եմ ՎՊ-ն իր այս սխալը կշտկի»:
Թե երբ՝ Իխան Զաքարյանը չմանրամասնեց, իսկ հաշվետվությունը խորհրդարանը ընդունեց ի գիտություն: Հիշեցնեմ, որ ՎՊ հաշվետվությունը այն փաստաթղթերի ցանկում է, որոնք ԱԺ-ն քննարկում է առանց որոշում ընդունելու։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button