ԿարևորՏեսանյութ

Նոր չարաշահումներ` այս անգամ գյուղացիներին աջակցության պետական ծրագրերում

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Նոր չարաշահումներ` այս անգամ գյուղացիներին աջակցության պետական ծրագրերում: Նախորդ տարի մեկնարկած ծրագրում, որով գյուղացիներին սուբսիդավորված գներով վառելիք եւ պարարտանյութ է տրամադրվում, արձանագրվել են չարաշահումներ ու կեղծիքներ: Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության արդյունքները փաստել են` հօգուտ գյուղացու ծրագրված միջոցառումները ծառայել են հօգուտ ծրագրի մի շարք պատասխանատուների գրպանի: Նոր բացահայտումներից զերծ չեն մնացել նաեւ առողջապահության եւ քաղաքաշինության ոլորտները: Լիանա Եղիազարյանն է տեղյակ:

Անցյալ տարվանից սկսած կառավարությունը շարունակ խոսում է դեմքով դեպի գյուղացին շրջվելու մասին ու հպարտանում գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորված գներով դիզվառելիք եւ պարարտանյութ տրամադրելու ծրագրով: Սակայն ֆինանսների նախարարության ստուգումները նույն այդ հումանիտար ծրագրում բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերել: Շահառուների կեղծ ցուցակներից մինչեւ ավելի թանկ գների սահմանում պարարտանյութերի եւ դիզվառելիքի համար: Ստուգումները խախտումներ են բացահայտել Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում:

Ուսումնասիրությունները պարզել են` Շիրակում պարարտանյութի համար գյուղացիները 1 պարկի դիմաց սանդղակավորված արժեք են վճարել` 100-500 դրամ, ինչն ուղղակի արգելված է: Գեղարքունիքում ցուցակներում հայտնաբերվել են անձինք, ովքեր տվյալ համայնքների բնակիչներ չեն եղել: Ամենախոշոր խախտումները գրանցվել են Արարատի մարզում. 83 միլիոն դրամի վնաս է հասցվել պետությանը: Ուսումնասիրված 26 համայնքների մեծ մասում պակաս դիզվառելիք են հատկացրել, քան նշված է եղել ցուցակներում, կամ էլ գյուղացիների անունները գրված են եղել, բայց չեն ստացել: Ովքեր են չարաշահումների հիմնական մեղավորները: Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանը պարզաբանեց, որ ցուցակներով գումարները հաստատվում են մարզպետի կողմից` համայնքապետերի միջոցով:

Արդեն պարզ է, որ Արարատի մարզում չարաշահումների գործը կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն: Ի դեպ` Արարատի մարզում էժան վառելիք եւ պարարտանյութ ձեռք բերողների ցուցակում առկա են եղել նաեւ Հենրիկ եւ Հովհաննես Աբրահամյանները: Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության ղեկավարը չի բացառում, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատները եւս կարող էին լինել շահառուների ցուցակում:

Առողջապահության ոլորտն էլ չարաշահումներից զերծ չի մնացել: Պետբյուջեից ամբողջ 500 միլիոն դրամ է հատկացվել բոլոր հիվանդանոցներին՝ սնունդ ձեռք բերելու համար,սակայն բացի 2 հիվանդանոցից՝ մնացած բոլորը գումարը ստացել են, բայց հիվանդներին այդպես էլ սնունդով չեն ապահովել: Գումարներն ուղղվել են այլ նպատակների: Նման բացահայտումների հետքերով գնալով` բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրերում խստացվել են պատասխանատվության ենթարկելու պայմանները:

Ղարիբյանը պարզաբանեց, որ այսպիսով տարիներ շարունակ ավել պլանավորված 1 միլիարդ դրամի չհիմնավորված ծախսերը այսուհետ չեն ֆինանսավորվի եւ կուղղվեն առողջապահության ոլորտի այլ ֆինանսավորմանը: Իսկ քաղաքաշինության ոլորտում արձանագված խախտումներից հետո 51 միլիոն դրամ վերականգվել է պետբյուջե, 2 գործ ուղարկվել է դատախազություն, 4 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Ի դեպ` այս բացահայտումները գալիս են շարունակելու Վերահսկիչ պալատի կողմից պետական կառավարման տարբեր ոլորտներում հայտնաբերված չարաշահումներն ու յուրացումները: Չարաշահումների քանակով առաջատար են սոցիալական ապահովության, առողջապահության ու քաղաքաշինության ոլորտները:

Ցուցադրել ավելի
Back to top button