Հասարակություն

Գառնիկ Իսագուլյան.«Հայաստանում ոչ միայն մթնոլորտի, այլև իրավավիճակի փոփոխություններ են անհրաժեշտ»

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի Օֆշորային ընկերության թեման չի իջնում հանրային քննարկման հարթակներից: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ու «Ազգային ժողովրդավարական դաշինք» կոսակցության նախագահ, հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն են այսօր կիսվել իրենց տեսակետներով: Առաջինի պնդմամբ օֆշորային գոտիների հարցը համաշխարհային խնդիր է և Հայաստանի համար դա ամենևին էլ նորություն չէ: Իսագուլյանի պնդմամբ, պետությունն այս հարցում պետք է հստակ պարզաբանումներ մտցնի և անհրաժեշտության դեպքում պատժի մեղավորներին:

Այն ինչ շատերի համար այսօր որպես նորություն է հնչում Արշակ Սադոյանի համար ուսումնասիրության նյութ էր դեռ 94 թվականից, խոսքը օֆշորային գոտիների մասին է, որոնք մեզանում ակտիվ քննարկումների նյութ դարձան «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո: Հիշեցնենք` հրապարակման համաձայն օֆշորային Կիպրոսում հայտնաբերվել է ընկերություն, որի գրանցման փաստաթղթերում հիմնադիրների ցանկում առկա է Տիգրան Սարգսյանի անուն-ազգանունը: Փաստաթղթի հրապարակումից հետո վարչապետը հայտարարեց, որ ինքը դրա հետ կապ չունի և դիմեց ՀՀ դատախազություն` պարզելու համար, թե ինչպես է իր անունը հայտնվել հիշյալ ընկերության ցուցակում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին օֆշորային գործարքներին քաջածանոթ Արշակ Սադոյանն այնուամենայնիվ պնդում է` «օֆշորային գոտիների վերահսկման խնդիրը չափազանց բարդ է, դա համաշխարհային պրոբլեմ է»,-ասում է: Այդ ցուցակներում գրանցվածների ստուգման հստակ մեխանիզմներ չկան, այդ առումով էլ գրեթե անհնար է պարզել` Հայաստանի վարչապետի անուն-ազգանունն իրականում կա այդ ցուցակում, թե՞ ոչ: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այլ կարծիք ունի: Նրա համոզմամբ, պետք է ստեղծվի մարմին, որը լրջորեն կուսումնասիրի այս խնդիրն ու հասարակությանը սպառիչ ու համոզիչ պատասխան կտա դրան առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ:

Անդրադառնալով երկրում ստեղծված անառողջ մթնոլորտին, ատկատների թեմային ու արտագաղթին, Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ Հայաստանում ոչ միայն մթնոլորտի, այլև իրավավիճակի փոփոխություններ են անհրաժեշտ: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն ունի հստակ ժամանակացույց` եթե մինչև 2015 թվականի աշունը Հայաստանում վերևից հեղափոխությքուն չկատարվի, ապա դա կկատարվի ներքևից: «Չի լինի վերևից կլինի ներքևից, պարզապես այս հեղափոխությունը Սադոյանը չի ղեկավարի»,-կատակով նկատում է Իսագուլյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button