ԿարևորՏնտեսական

«Գազպրոմ»-ը «ՀայՌուսգազարդում» իր բաժնեմասը կհասցնի 100%-ի

Ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր, տեղեկացնում է rbc.ru-ն՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով։ Մասնավորապես, հանդիպման ընթացքում խոսվել է «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» ավելացնելու մասին՝ 80%-ից հասցնելով 100%-ի։

Բանակցությունների ընթացքում նաև քննարկվել են Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացմանն առնչվող հարցեր։ Կողմերը քննարկել են նաև գազային ոլորտում ռուս-հայկական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ներառյալ՝ «Գազպրոմի» մասնակցությունը Հայաստանի էներգետիկ նախագծերում։

Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է, որ Հայաստանը սեփական բնական գազ չունի և հանրապետության էներգետիկան գրեթե ամբողջությամբ կախված է գազի ներմուծումից։ Մինչև Հայաստանի սահման գազը հասցնում է «Գազպրոմէքսպորտը». սահմանին գազը գնում է «ՀայՌուսգազարդը»։ 2012թ.-ին «Գազպրոմը» Հայաստանում իրացրել է 1.7 մլրդ խորանարդ մետր բնական գազ։

«ՀայՌուսգազարդը» ստեղծվել է 1997թ.-ին։ Դրա գործունեության հիմնական ոլորտը բնական գազի մատակարարումն է Հայաստանի ներքին շուկային։ Բացի այդ, «ՀայՌուսգազարդը» զբաղվում է բնական գազի փոխադրման, պահպանման, բաշխման և իրացման հարցերով, ինչպես նաև գազային մատակարարման համակարգի վերակառուցման ու ընդլայման և Հայաստանի Հանրապետության ստորգետնյա գազապահեստարանների հարցերով։

«Գազպրոմին» է պատկանում «ՀայՌուսգազարդի» 80%-ը, իսկ Հայաստանի կառավարությանը՝ 20%-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button