ԿարևորՀասարակություն

Գազի սակագնի բարձրացման որոշումը կվիճարկեն դատարանում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հուլիսի 7-ից գազի նոր սակագնի որոշումը կմտնի ուժի մեջ, իսկ հաջորդ օրը «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը այդ նույն որոշման վերաբերյալ իր հայցը կներկայացնի դատարան:
Գազի սակագնի թանկացման վերաբերյալ որևէ հստակ հիմնավորում չկա և դա է պատճառը, որ հասարակությունն այսօր ակտիվացել է և իր դժգոհությունն է արտահայտում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության ակտիվիստ և «Հասարակական պաշտպանների միութան» տնօրեն Արամ Գրիգորյանը:
Ըստ նրա` սա մի խնդիր է, որը պետք է լուծի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ինչը, սակայն, չի կարողանում անել:
Խոսելով իրենց քայլերից` Արամ Գրիգորյանը հայտնեց, որ պատրաստվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջել թափանցիկ աշխատանք, ինչպես նաեւ որոշումը վիճարկելու են դատարանում։

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը նկատեց, որ խնդիրը շատ խորքային է, քանի որ ամեն անգամ ընտրություններից հետո կուսակցությունները խաբում են ժողովրդին, արդյունքում՝ ժողովուրդն այժմ հայտնվել է շոկային վիճակում:

Ի վերջո՝ սակագների բաձրացումներ մշտապես եղել են, կան և կլինեն, ու դա բնական է: Խնդիրն այն է, որ մեր կառավարությունը  պետք է մտածի ոչ թե այդ սակագները բարձրացնելու կամ ցածրացնելու մասին, այլ պետք է մտածի մեր տնտեսության զարգացման մասին, որպեսզի վերջինս կարողանա դիմակայել ցանկացած փոփոխությունների և այդ փոփոխությունները նման շոկային ազդեցություն չունենան մեր քաղաքացիների վրա, նկատեց Արամ Գրիգորյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button