

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանն այսօր սկսել է արտահերթ նստաշրջանի աշխատանքները, որի օրակարգում ընդգրկված է 28 հարց՝ 20 օրենսդրական փաթեթ և 8 համաձայնագիր: Օրինագծերի մեծ մասը կառավարության կողմից անհետաձգելի է համարվել , դրանք ԱԺ-ն կքննարկի հատուկ կարգով: Իսկ արտահերթի աշխատանքը խորհրդարանը սկսել է՝ շարունակելով վերջին նստաշրջանում կիսատ մնացած Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումը:
Փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն այսօր ունեցել է կառավարությունը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ասել է, որ գործադիրը մեծ նշանակություն է տալիս ՎՊ-ի հաշվետվությանը և այն ուսումսնասիրել է կետ առ կետ: Շահագրգիռ կողմերի պաշտոնական պարզաբանումները տեղադրված են կառավարության կայքէջում:
2012-ին տարվա ընթացղքում 1 միլիարդ 122 միլիոն դրամ գումար է վերադարձվել բյուջե`ՎՊ-ի բացահայտումների արդյունքում:
Այդուհանդերձ, փոխվարչապետը նաեւ նշել է, որ կառավարությունը համաձայն չէ որակումներին, թե տեղի է ունենում բյուջեի փոշիացում, բյուջետային ծախսերն ուղեկցվում են կոռուպցիոն ռիսկերով, իսկ խախտումները համակարգային բնույթ են կրում:
«ՎՊ հաշվետվությունում արձանագրված բոլոր խնդիրների մասով համապատասխան միջոցներ ձեռնարկվում են, այլ հարց է, որ ներկայիս օրենսդրությամբ նման դեպքերի համար պատասխանատվությունը տնտեսական կամ քաղաքացիաիրավական բնույթ է կրում, այսինքն՝ գումարների վերականգնում, թերությունների շտկում, տուգանքներ։ Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեական պատասխանատվության տարրը, որը նույնպես գործող օրենսդրության կատարելագործման հարց է»: