Կարևոր

Վերլուծաբան.Իրանում խաղարկվել է խորը մտածված ընտրական գործընթացի սցենար

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Իրանում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Հասան Ռուոհանին: Նա Իրանի միջազգային մեկուսացումը համարում է իր առջև կանգնած կարևորագույն խնդիր և պատրաստվում է շտկել իրավիճակը: Նա ընկալվում է որպես բարենորոգումների կողմնակից, սակայն միջազգային որոշ շրջանակներ չեն հավատում նրա այդ իմիջին` հայտարարելով, թե ովքեր իրական բարեփոխումներ են ակնկալում Իրանի նոր իշխանություններից, «ուղղակի իրենց ցանկությունները շփոթում են իրականության հետ»:

Այս թեմային լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել է վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա` արեւմուտքի հաշվարկները շատ սխալ են, թե այս նախագահի հետ կարող են ավելի հեշտ պայմանավորվածություններ ունենալ: Բանավոր խոսքում գուցե քիչ հնչի կոշտություն, սակայն, գործերում այդ կոշտությունը շատ ավելի ցայտուն կդրսեւորվի` համոզված է քաղաքագետը:

Իրանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրված նոր նախագահի հետ կապված մեկնաբանություններն արեւմուտքում շատ-շատ են: Վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը նկատում է, որ արեւմտյան վերլուծաբանները քաղաքական պատվեր են կատարում, սակայն, միաժամանակ բավականին զուսպ են` ի տարբերություն ռուսական լրատվամիջոցներում տեղ գտնող հրապարակումների:

Թե ինչ է կատարվել Իրանում, ըստ Սերգեյ Շաքարյանցի, շատ հստակ է եւ այդ մասին հայտարարել է, իբր, խիստ ընդդիմադիր, խիստ արեւմտամետ, գրեթե Իրանի թշնամի հայտարարված մի գործիչ` Հաշեմի Ռաֆսանջանին, ում թեկնածությունը չգրանցեցին Իրանում:
Հաշեմի Ռաֆսանջանիի տվյալ գնահատականներն արդեն իսկ վկայում են, որ Իրանում խաղարկվել է շատ լավ պատրաստված եւ խորը մտածված ընտրական գործընթացի սցենար` կարծիք հայտնեց վերլուծաբանը: Ըստ նրա` այն ունեցել է մեկ գլխավոր նպատակ` մեկ հարվածով չեզոքացնել արեւմուտքի` հնարավոր ցանկացած մեղադրանք:

Իրականում, ըստ Շաքարյանցի, ընտրված թեկնածուն Իրանի հասարակական վերնախավի ներկայացուցիչ է եւ լավատեղյակ ամեն ինչում: Նրա կենսագրության վրա մեկ ակնարկն էլ բավական է` հասկանալու համար, որ արեւմտյան հույսերը չեն կարող արդարանալ: Պատահական չէ նաեւ, որ որեւէ մեկը Իրանում կասկածի տակ չի դնում ընտրությունների արդյունքները, իսկ դա Իրանի համար արդեն հաղթանակ է:

Վերլուծաբանը նաեւ համոզված է, որ կարեւորագույն արտաքին հարցերում Իրանի քաղաքականությունը չի փոխվելու, այդ թվում` Իրանը չի հրաժարվելու նաեւ իր միջուկային ծրագրերից, Սիրիայի հարցում իր դիրքորոշումից, ինչպես նաեւ` չի հրաժարվի Թուրքիայի եւ մյուս երկրների նկատմամբ իր վերաբերմունքից: Քաղաքագետը կարծում է նաեւ, որ Իրանը կպահպանի իր մերձեցումը Հնդկաստանի եւ Չինաստանի հետ, նույնը` Ռուսաստանի պարագայում, ինչը կարեւոր է նաեւ Հայաստանի համար: Վերլուծաբանը նկատում է, որ ՌԴ նախագահի արձագանքը ցույց է տալիս, որ նա սպասում էր արձանագրված արդյունքներին:
Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբ` Հայաստանի համար բավականին նպաստավոր իրավիճակ է ձեւավորվելու, ինչը շատ կարեւոր է:

Ցուցադրել ավելի
Back to top button