Քաղաքական

Ղարաբաղյան հակամարտություն, սիրիական խնդիր, Իրանի միջուկային ծրագիր. Նախարար Նալբանդյանի իսպանական հանդիպումները

Դարերի պատմությամբ հարաբերությունները լավ հիմք են 

Հունիսի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը  Իսպանիա: Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի  արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ էր:

Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսևորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց իր պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու և խորացնելու նպատակով:

Նախարարներ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների խթանման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով։ Երկուստեք կարևորվեց Երևանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը։

Իսպանիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Նախարար Գարիսա-Մարգալյոն տեղեկացրեց տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։

Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների  և այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

Նախարար Գարսիա-Մարգալյոն ընդունեց Հայաստանի արտգործնախարարի Երևան պատասխան այցելություն կատարելու հրավերը:

 

Հայերն ու իսպանացիները պետական արխիվներ մտնելու հնարավորություն կունենան

Էդվարդ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը»:

Համաձայնագրով նախատեսված են երկու պետությունների պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի հրապարակումներ, մատենագիտական նյութերի փոխանակումներ, համագործակցության զարգացում երաժշտության, բեմական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի և այլ բնագավառներում, ինչպես նաև դերասանական խմբերի և մենակատարների փոխանակումներ։

Փաստաթղթով կողմերը պարտավորվում են հնարավորություն ընձեռել միմյանց քաղաքացիներին մուտք ունենալ պետական գրադարաններ, արխիվներ և այլ մշակութային, կրթական և գիտական հաստատություններ։

Նախատեսվում է համագործակցություն հաստատել երկու պետությունների գիտնականների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մշակութային հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների միջև, օժանդակել դասագրքերի և այլ ուսումնական նյութերի փոխանակմանը պատմության, աշխարհագրության, մշակույթի, սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում։

 

Փոխգործակացությունը երկու խորհրդարանների մակարդակով

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Սենատի նախագահ Պիո Գարսիա Էսկուդերո-Մարկեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մունյոս Ալոնսոյի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների միջև փոխգործակցությանը։

 

ԶՀԿ- ն ողջունում է ՀՀ- ում զբոսաշրջության ոլորտում ձեռնարկվող քայլերը 

Մադրիդում նախարար Նալբանդյանը այցելեց Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության կենտրոնակայան և հանդիպեց կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Թալեբ Ռիֆային նշեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան կատարած իր երկու այցելությունները և բովանդակային քննարկումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հանդիպման ընթացքում ԶՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ ՀՀ կառավարության կողմից տուրիզմն առաջնահերթություններից մեկը հռչակելը ճիշտ որոշում է, և  վերահաստատեց կազմակերպության օժանդակությունը Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ձեռնարկվող քայլերին:

Նախարար Նալբանդյանը իր հերթին գոհունակությամբ նշեց, որ ԶՀԿ և Հայատանի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն և հայկական կողմը շահագրգռված է դրա առավել ընդլայնման մեջ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ հեղինակավոր քաղաքագիտական կենտրոն Մադրիդի ակումբում, որին ներկա էին  իսպանական առաջատար քաղաքագետներ և փորձագետներ։

Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր խոսքում և հարցերին պատասխաններում հանգամանալից ներկայացրեց Իսպանիա իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։

Ցուցադրել ավելի
Back to top button